Հայ տղամարդը կնամեծար է
Սիրելի մայրեր, քույրեր, դուստրեր, հայ կանայք.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Մարտի ութը գարնանամուտի չքնաղ տոներից է, միաժամանակ ազդարարում է կանանց միամսյակի սկիզբը:
Հայ տղամարդը կնամեծար է: Մենք խոնարհվում ենք ձեր առաջ հայոց քնքշաբույր, գեղեցկուհի, միեւնույն ժամանակ՝ քաջարի եւ հերոսական կանայք: Սիրելի հայուհիներ, հայապահպանության, սերունդներին հայեցի դաստիարակություն հաղորդելու գործում անուրանալի է ձեր ավանդն ու ներդրումը: Պատմության ընթացքում, սակայն, հայ կինը ոչ միայն եղել է լավ դուստր, օրինակելի զավակ ու տանտիկին, այլեւ՝ վտանգի պահերին միշտ, զենքը ձեռքին, կանգնել է քաջարի զինվորների կողքին: Հայ ազգն այսօր էլ ունի սոսեմայրիկներ, այծեմնիկներ, աշխեններ, փառանձեմներ… Նման քաջարի կանանց պակաս չէր զգացվում ո՛չ 1989-94-ի Արցախյան ազատամարտի տարիներին, ո՛չ 2016-ի ապրիլյանի ժամանակ:
Հերոսական հայ մայրերը չեն դադարել հերոսներ ծնել եւ ճիշտ դաստիարակել: Առանձնահատուկ շնորհավորանքներս Երկրապահի Մեծ մայրիկին՝ Գրետա մայրիկին եւ մեր բոլոր հերոս նահատակների մայրերին:
Շնորհավորում ենք Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր կանանց եւ մայրերին, հայ աղջիկներին եւ կանանց:
Ջերմագին շնորհավորանքներս ԵԿՄ անդամ կանանց ու աղջիկներին՝ պատերազմի մասնակիցներին, երիտասարդ եւ պատանի երկրապահներին, նաեւ՝ իրենց մայրիկներին: Երիցս շնորհավորանքներ համազգեստ հագած բանակում ծառայություն իրականացնող մեր քույրերին: Շնորհավորանքներս եւ մեր գործընկեր կառույցների կին աշխատակիցներին եւ աշխատակիցների կանանց, դուստրերին եւ մայրերին:
Կնոջ, մոր դերն անգնահատելի է հայոց պատմության ողջ ընթացքում եւ հանրության մեջ: Եվս անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ, որ ժպիտը հայ կանանց դեմքից անպակաս լինի: Եղեք առողջ եւ հաջողակ, թող իրականանան ձեր բոլոր ցանկությունները, հայ կանայք եւ աղջիկներ:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ