20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը

Հունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները: 

Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է: “Համակարգը նպատակ ունի ոչ թե  խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկատվության տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների ու անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին:
 
Տարիներ առաջ, երբ խոսք էր գնում ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մասին և շեշտվում էր, որ որակը պետք է չափագրվի օբյեկտիվ չափանիշներով, քչերն էին հավատում, որ մենք կարող ենք դառնալ աշխարհի այն երկրներից  մեկը, որը կունենա ազգային վարկանիշավորման  համակարգ: Խնդիրը, որ դրել ենք մեր առջև` կրթության որակի հետևողական բարձրացումն է՝ մրցակցային օբյեկտիվ միջավայրի ստեղծմամբ:
 
Փորձելու ենք լուծել նաև ախտորոշման խնդիրը. պետք է հասկանալ, թե հանրակրթական համակարգում որ օղակներն են թույլ, որ ուղղություններն են վտանգված, որոնք ունեն այս կամ այն չափանիշով լրացուցիչ աջակցման կարիք: Ինչու ոչ, խրախուսելով դրական արդյուքներ ունեցողներին, սահմանել առաջնահերթություններ դժվարություններ ունեցող ուսումնական հաստատությունների հանդեպ, որպեսզի բարելավվեն նաև նրանց ցուցանիշները”,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդծելով, որ  հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի ներդրումը փորձնական փուլից թևակոխում է կայուն գործածության փուլ:
 
Նախարարի խոսքով անաչառ և մասնագիտացված գնահատականները կարող են առողջ քննադատություն ապահովել, ինչի  շնորհիվ հնարավոր կլինի ազգային վարկանիշավորման համակարգը փորձնականից վերածել կայուն և արժանահավատ մեթոդաբանության, որն առավել հարմարեցված կլինի Հայաստանի կրթական համակարգի ավանդույթներին:
 
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրել է դպրոցների վարկանիշավորման համակարգի գործառնության մեթոդաբանությունը՝ նշելով, որ այն համակարգը մշակման հիմքում միջազգային փորձն է հաշվի առնվել:
 
“Դպրոցների համեմատության օբյեկտիվությունն ապահովելու համար դպրոցները խմբավորվել են.  ըստ կազմակերպաիրավական ձևի՝ պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի ՝քաղաքային և գյուղական,  ըստ կրթական ծրագրի աստիճանի՝ հիմնական հանրակրթական և ավագ, ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին և փոքր:
 
Բացառությամբ տարրական և հատուկ դպրոցների, ըստ մշակված հարցաթերթերի, ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություներից հավաքագրվել է անհրաժեշտ տեղեկատվությունը”,- նշել է Կարինե Հարությունյանը և հավելել, որ տվյալների մուտքագրումից հետո ըստ տարբեր չափանիշների համակարգն ինքն է որոշում լավագույն կրթական հաստությունը:
 
Նախարարի տեղակալի խոսքով`  վարկանիշավորման համակարգն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, քանի որ դպրոցների վարկանիշավորման և ցուցանիշների հրապարակման արդյունքում, ինչպես ցույց է տալիս փորձը, որոշակի բևեռացվածություն է առաջացնում, ինչից պետք է խուսափել: 
 
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի փորձնական տվյալները.  “Մեկ ամսվա ընթացքում հավաքվել է ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվությունը ու կազմվել վարկանիշները` հինգ տասնյակին մոտ ցուցանիշների հիման վրա: Վարկանիշավորման համակարգը ներկայացված է առանձին ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ դպրոցների վարկանիշավորման իրենց նախընտրած սանդղակը:  
 
schoolrate.armedu.am կայքն  արդեն հասանելի կլինի հունվարի 20-ից: Կայքում տեղակայված է դպրոցների ընդհանուր վարկանիշը, գործում են “Աշակերտների ուսումնառություն”, “Ուսուցիչներ”, “Դպրոցի ակտիվություն”, “Կառավարման արդյունավետություն” բաժինները: Հնարավոր է դպրոցների վարկանիշավորումը ստանալ` ըստ մեկ չափանիշի` ընտրելով 49 ցուցանիշներից յուրաքանչյուրը”,- տեղեկացրել է Ա. Պողոսյանը: 
 
Վարկանշավորման համակարգը առաջին անգամ փորձարկվել է 2013թ-ին, որի արդյունքում իրականացվել են մի շարք փոփոխություններ մեթոդաբանության մեջ: Ծրագիրը դեռևս փորձնական է, փոխությունները կշարունակվեն՝ նպատակ ունենալով  ձևավորել դպրոցների դասակարգման և վարկանիշավորման հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախումբ:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ