27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան… Օսմանյան կայսրության «շարունակությունն» է

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Սակայն, վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:

 

Հարցն այս պատճառաբանությամբ այլևս չի դրվում, թե ցեղասպանություն իրականացվել է, թե ոչ, այլ թե ով է պատասխանատու դրա համար: Նրանք, ովքեր օգտագործում են այս հիմնավորումը, պնդում են, որ Թուրքիայի Հանրապետությունը  Օսմանյան կայսրության ոչ իրավահաջորդն է, ոչ էլ շարունակությունը, այլ մի նոր և անջատ պետություն…

 

Այս փաստարկն աստիճանաբար թուլացավ, երբ նախագահ Էրդողանն սկսեց խոսել և գործել որպես օսմանյան սուլթան… Երկու շաբաթ առաջ Թուրքիայի ղեկավարն ավելի բարդացրեց իրավիճակն իր երկրի համար, երբ, ըստ լոնդոնյան «Թայմս» թերթի, պնդեց, որ «ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է՝ ուղղակի հակասելով Աթաթուրքի գաղափարախոսությանը, որը մերժել էր կայսերական դարաշրջանը որպես հետամնաց, հնացած, որը պետք է անտեսվի ու մոռացվի, այլ ոչ թե փառաբանվի»:

 

Հայտարարելով, որ Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է, Էրդողանը փաստորեն ընդունում է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության գործողությունների համար: Այլ կերպ ասած, Թուրքիայի Հանրապետությունը, որը ժառանգել է Օսմանյան կայսրության ունեցվածքը, ժառանգել է նաև նրա պարտավորությունները…

 

Օսմանյան կայսրության նկատմամբ իր հավատարմությունը հաստատելու համար այս ամսվա սկզբին Էրդողանը մասնակցել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (հայտնի «Կարմիր սուլթան» մականունով) մահվան հարյուրամյակի արարողությանը, որին ներկայիս կառավարությունը վերականգնել է: Էրդողանը անտեսել է այն փաստը, որ Կարմիր սուլթանը 1894-1896 թվականներին հրամայել էր 300 հազար հայերի սպանդը՝ հայտնի որպես Համիդյան ջարդեր: Ինչպես հաղորդում է «Թայմս» թերթը՝ «Վերջին օսմանյան սուլթաններից մեկի ժառանգներին պետք է տրվի Թուրքիայի քաղաքացիություն, վերջ դնելով նրանց գրեթե հարյուրամյա վտարանդիությանն ու արտաքսմանը»:

 

Ըստ «Թայմս» թերթի՝ Աբդուլ Համիդ 2-րդը ղեկավարել է 1876-ից մինչև 1909 թվականը, և շատ է պախարակվել Քեմալ Աթաթուրքի ժամանակակից թուրքական հանրապետությունում՝ իր բռնատիրության, հակաարևմտականության և մամուլի վրա ճնշումների համար: Սակայն, նախագահ Էրդողանի իշխանության օրոք նրան վերականգնել են: Աբդուլ Համիդի կյանքը նկարագրող Payitaht հեռուստատեսային շարքը, որն Աբդուլ Համիդի կյանքը ներկայացնում է շատ վառ գույներով, բարձր գնահատականի է արժանացել Էրդողանի կողմից, այն համարելով որպես անհրաժեշտ դիտում երիտասարդության համար՝ իրենց երկրի պատմությունը ճանաչելու նպատակով…. «Մենք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին համարում ենք ամենակարևոր, ամենահեռատես և ռազմավարական մտածողություն ունեցող անձնավորություններից մեկը, որոնք իրենց դրոշմն են թողել մեր պետության վերջին 150 տարիների վրա»: Էրդողանն ասել է. «Մենք պետք է դադարենք դիտարկել Օսմանյան կայսրությունն ու Հանրապետությունը որպես իրար հակասող երկու դարաշրջաններ»: Աբդուլ Համիդը մահացել է 1918 թվականին, և այս շաբաթ նրա մահվան հարյուրամյակի արարողությանը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասաց, որ ինքն անձամբ կզբաղվի նրա ընտանիքի անդամներին քաղաքացիություն շնորհելու հարցով»:

 

Այնուհետև Էրդողանը մեծամտորեն զգուշացրել է, որ ամերիկյան զինվորները Հյուսիսային Սիրիայում շուտով «օսմանյան ապտակ» կստանան, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Նա «ակնարկում էր կիսալեգենդար թուրքական մարտական շարժումը, որն իրենից ներկայացնում է լայն բացված ափով հզոր հարված, որը կարող է գետնին տապալել կամ նույնիսկ գանգ կոտրել ու սպանել»։ Թուրքական կառավարամետ լրատվամիջոցներից մեկի հրապարակած ծաղրանկարում պատկերված է Դոնալդ Թրամփը, որին «օսմանյան ապտակ» է հասցնում Էրդողանը։ Բացի այդ, «Ռոյթերսը» մեջբերել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը աջակցում էր YPG-ին (քրդական ուժերը Սիրիայում), քանի որ վերջինս դավանում է նույն «մարքսիստական, կոմունիստական, անաստվածության» գաղափարախոսությունը…

 

Վերադառնալով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի Հանրապետությունը բոլորովին նոր և Օսմանյան կայսրությունից անջատ պետություն է, միջազգային իրավունքի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը բացատրում է՝ «Հայերի դեմ 1915-1923 թթ. ցեղասպանությունը և համապատասխանությունը 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիային» խորագիրը կրող գրության մեջ, որ «իրավահաջորդ պետությունը» պատասխանատվություն է կրում նախորդ ռեժիմի կատարած հանցագործությունների համար։ Թերևս, այն պետությունը, որը նախորդի «շարունակությունն» է նույնիսկ ավելի շատ պատասխանատվություն է կրում, քանի որ նրանց միջև տարբերություն չկա, ինչպես խոստովանել է Էրդողանը երկու շաբաթ առաջ։

 

Բացի այդ, Ալֆրեդ դե Զայասն իր ուսումնասիրության մեջ մեջբերել է պրոֆեսոր Մ. Շերիֆ Բասիունին, նշելով, որ «Միջազգային իրավունքում, պետության պատասխանատվության իրավական շարունակականության և սկզբունքների դոկտրինան, «իրավահաջորդ կառավարությանը» պատասխանատու է դարձնում նախկին իշխանությունների խախտումներից բխած պահանջների առնչությամբ»։ Պրոֆ. Զայասը եզրակացրել է, որ «հայերի պահանջներն իրենց ապօրինի բռնագրավված ունեցվածքի համար չեն անհետանում սուլթանությունից Մուսթաֆա Քեմալի վարչակարգին անցնելու հետ»։

 

Ի վերջո, պրոֆ. Զայասը հաստատեց, որ «իրավահաջորդ պետությունների պատասխանատվության սկզբունքը պահպանվել է, նույնիսկ այն դեպքում, երբ այն սխալները, որ գործել են պետությունը և կառավարությունը, «իրավահաջորդ պետությանը» չեն պատկանում»: Այս սկզբունքը ձևավորվել է, մասնավորապես, Մշտական արբիտրաժային դատարանի կողմից՝ «Փարոս» արբիտրաժային գործով (Ֆրանսիայի և Հունաստանի միջև, 1934 թ.)։

 

Կարող ենք եզրակացնել, որ Էրդողանը, հաստատելով, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է, անզգուշորեն խոստովանել է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդին հասցված ցեղասպանական, տարածքային և տնտեսական վնասների համար: Էրդողանի խոստովանությունը պետք է ներկայացվի որպես ապացույց, երբ հայերի՝ Ցեղասպանությունից առաջացած պահանջները ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ