«Էրդողանը Պապի հետ հանդիպելու համար նվիրատվություն է արել Վատիկանին»․ Թուրք պատգամավոր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական մեծ գումար է նվիրաբերել Վատիկանին, որպեսզի կարողանա հանդիպել Հռոմի պապի հետ: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ նման պնդում է արել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Հալուք Փեշքենը:
Վերջինը գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս՝ հարցնելով, թե ինչքան գումար է ծախսել Էրդողանը Պապի հետ հանդիպելու համար:
«Արդեն որևէ երկրի ղեկավարի հետ հանդիպելու համար պետք է որպես կաշառք այդ երկրից ինքնաթիռ կամ միս գնել, կամ էլ՝ նվիրատվություն անել: Վերջին դեպքն այն է, որ Հռոմի պապին այցելության գնացած Էրդողանն այդ երկրին մեծ չափի նվիրատվություն է արել, ինչի շնորհիվ էլ կարողացել է հանդիպել նրան: Այժմ 80 միլիոնի անունից հարցնում եմ՝ ինչպե՞ս է Պապի հետ հանդիպելու համար ժողովրդի փողը տվել իր բնորոշմամբ «խաչակրաց դաշինքի կենտրոն» Վատիկանին»,- հարցրել է թուրք պատգամավորը: