Լեռնագնացների վերելքը դեպի Արա լեռ ողբերգությամբ է ավարտվել. կա զոհ և վիրավորներ
Երեկ՝ հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արա լեռան վրա: 18 հոգուց բաղկացած արշավախումբը բարձրացել է Արա լեռ, ձյան սահքի պատճառով նրանցից երեքը սահել են դեպի ձորակ, մեկը մահացել է։Արա լեռան լանջին մահացած լեռնագնացը կին էր:
Ձնահոսքի պատճառով կոտրվածքներ է ստացել հայտնի լեռնագնաց Էդգար Նավասարդյանը, որը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։
Այս մասին հայտնել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը։
«Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության և ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար՝ ցավով տեղեկացնում ենք, երեկ՝ հունվարի 28-ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետևանքով հայտնվել է ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիելյանը։
Միջադեպից անմիջապես հետո արշավախմբի անդամները զանգահարել են Ֆեդերացիա ու ԱԻՆ։ Դանիելյանի խոսքով` մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, արշավախմբի անդամները արել են հնարավոր ամեն բան` ձնահոսքի պատճառով վիրավորում ստացածներին օգնություն ցուցաբերելու համար։
Ոչ մի րոպե չկորցնելով՝ լեռնագնացների խումբը օգնության է մեկնել, ու արդեն դեպքից 40 րոպե անց դեպքի վայրում է եղել։
«Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաև Երևանի հատուկ նշանակության փրկարարական խումբը։ Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում և ընտանիքի անդամներին ու հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը», — նշել է Դանիելյանը։