Որ մթերքներն են ԳՁՕ պարունակում
Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ. այս մասին այսօր խորհրդարանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործակցության վերաբերյալ լսումների ժամանակ հայտնեց Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում բանջարաբոստանային սերմեր ներմուծվել է 125 կիլոգրամ ընդամենը, իսկ սերմերի շուկան ազատականացված է ՀՀ-ում: Նա հավելեց, որ նախարարությունը որևէ ընկերության հետ չի համագործակցում:
«ՀՀ-ում այս պահի դրությամբ չկա որևէ օրեսնդրական ակտ, որ արգելի ԳՁՕ սերմերի ներմուծումը:
ԳՁՕ ներդրումն սկսել է Հայաստանում աճել 90-ականներին, հատկապես մարդասիրական օգնության նպատակներով, հետո դրանց միացան տոմատները, պահածոյացված եգիպտացորենը և այլն»,-ասաց փոխնախարարն ու հայտնեց նաև, որ ՀՀ-ում ԳՁՕ պարունակող սննդամթերքը վաճառքի դեպքում պետք է բաղադրության մասին մակնանշում ունենա, եթե 0.9 տոկոսոից բարձր է այն:
Աշոտ Հարությունյանը տեղեկացրեց, որ նոյեմբերին խորհրդակցություն է անցկացվել նախարարությունում, որի ժամանակ քննարկվել է այս հարցը, ստեղծվել է հանձնաժողով ԳՁՕ-ների կիրառման վերաբերյալ ուսումնասիրությունների նպատակով, ապա ձևավորված ուսումնասիրությունները ներառվել են նախագծում, որը կդրվի շրջանառության մեջ: