Արփինե Հովհաննիսյանը 2013-ին և ձեռքբերումներ ունեցավ, և ձախողումներ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այս ամանորը նշելու է Հայաստանում, տանը` ընտանիքի հետ: Այս մասին պագամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում:
Ի դեպ, Հովհաննիսյանի սիրելի ամանորյա ուտեստը թփով տոլման է, սակայն խոհանոցում այդքան էլ հաճախ չի լինում: ”Ամանորին խոհանոցում քիչ ժամանակ եմ անցկացնում, հատկապես, որպես կանոն Երևանում չեմ լինում, սակայն քանի որ այս տարի տանն եմ լինելու, չի բացառվում խոհանոցային որոշակի պարտականություններ ստանձնելը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Երիտասարդ պատգամավորը սիրում է և՛ նվերներ տալ, և՛ ստանալ: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ինչ-որ առանձնահատուկ նվեր ընդհանրապես ամանորին ստացել է: ”Առանձնահատուկ նվերներ չեմ հիշում, ուղղակի հաճախ հարազատ մարդիկ, ովքեր նվերներ են տալիս, գիտեն նախասիրություններս, ցանկություններս, այդ առումով նվերը տեղին է լինում”:
Գալիք 2014 թվականից Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է, որպեսզի դժվար որոշումներ կայացնելու անհրաժեշտություն չլինի: ”Ներքին խաղաղություն, կայունություն և մարդկային պարզ երջանկություն”,-նաև սրանք է ցանկանում:
Ամփոփելով 2013 թվականը` մեր զրուցակիցն ասաց, որ քաղաքական առումով տարին հագեցած էր: ”Ընտրություններ տեղի ունեցան, խորհրդարանը ևս բավականին ակտիվ էր աշխատում և կարելի է ասել հագեցած ու ակտիվ տարի էր, թեև յուրաքանչյուր տարվա համար էլ այդ առումով կարելի է համարել, որ իրար նման են լինում: Ինձ համար էլ սովորական տարի էր իր ձեռքբերումներով, նաև որոշակի ձախողումներով”,-եզրափակեց նա: