Ինչը կբացի մեր առջեւ Աստծո արքայության դուռը
«Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:3)
Երկնքի Արքայություն մտնելու անկյունաքարը Քրիստոս համարում է աղքատությունը: Բայց ոչ թե նյութական, այլ՝ հոգևոր, երբ գիտակցում ենք, որ ոչինչ այս կյանքում մերը չէ: Մարմինն՝ առողջ կամ հիվանդ, Աստված է տվել մեզ, հոգին՝ նույնպես: Զգացմունքները՞… Երբեմն կուզենայինք սրտով արձագանքել մարդկային ուրախությանը կամ ցավին, բայց մեր սիրտն ասես քար լինի: Խելքը՞… Կուզենայինք գտնել մի բարի միտք՝ սփոփելու, աջակցելու կարիքավորին, բայց ոչ մի միտք չի գալիս… Չկա մի բան, որ լիովին մեզ է պատկանում:
Մյուս կողմից, թեև ոչինչ մեզ չի պատկանում, բայց մենք հարուստ ենք: Հարուստ ենք կյանքով, որը մեզ տրված է որպես պարգև, հարուստ ենք սիրով, ընկերությամբ, բարեկամությամբ. ահա թե ինչքան բան ունենք: Պարզապես պետք է սովորենք այդ ամենը պահպանել և վայելել՝ բարիք գործելով, այլ ոչ թե յուրացնելով: Պետք չէ աստվածային սիրո հրաշքից խլել ինչ որ բան և սեփականացնել։ Պետք է պարզապես երախտագետ լինել, իսկ երախտագիտությունը մեր առաջ կբացի Աստծո Արքայության դռները:
Տեր Եսայի քահանա Արթենյան