66-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել, նյութապես շահագրգռելով, ամուսնու սպանության դրդչության համար
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 66-ամյա կնոջը՝ ամուսնու սպանության դրդչության համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է ևս մեկ սպանություն՝ կատարված 2013 թվականին՝ Երևանում։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1951 թ. ծնված կինը 2012 թվականի ընթացքում հորաքրոջ որդուն պարբերաբար պատմել է ամուսնու հետ մասնավոր հարցերի շուրջ ունեցած խնդիրների մասին և նյութապես շահագրգռելով, այն է ՝ 20.000 ԱՄՆ դոլար խոստանալով՝ դրդել է սպանել նրան։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2013թ. հունվարի 17-ին կինը դուրս է եկել տանից, իսկ հյուրընկալված ազգականը բութ-կոշտ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա ամուսնու գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Նախնական քննության տվյալներով՝ սպանությունից հետո կինը մաս-մաս ազգականին փոխանցել է խոստացված գումարից 15 հազար ԱՄՆ դոլարը։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝66-ամյա կնոջը դեկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե