24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դավութօղլուի հմայքի արշավը Հայաստանում

Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործել է դիվանագիտական բոլոր հնարքները` անցյալ շաբաթ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովում (ՍԾՏՀ) իր ներկայությունից առավելագույն օգուտ քաղելու համար:

 Ի սկզբանե Դավութօղլուն և նրա դիվանագիտական թիմը սկսել էին ապատեղեկատվական քարոզչություն ծավալել` հայտարարելով, որ նա թերևս չկարողանա մասնակցել համաժողովին այլ պարտավորությունների պատճառով, տպավորություն ստեղծելով, որ նա մեծ ցանկություն չունի Հայաստան մեկնելու: Ավելի ուշ, նա իր մասնակցությունը պայմանավորեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների դրական արդյունքով:

Ադրբեջանի նախագահին համոզելու համար, որ Թուրքիան մտահոգվում է իր կրտսեր եղբոր շահերով, Թուրքիայի արտգործնախարարությունը լրատվամիջոցներին կեղծորեն տեղեկացրեց, որ Հայաստանը համաձայնել է դուրս գալ Արցախի երկու շրջաններից:

Երևան կատարած այցելության ընթացքում Դավութօղլուի հմայքի արշավի իսկական նպատակն էր կանխել միջազգային քարոզչությունն ընդդեմ Թուրքիայի 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում: Նա ուզում էր համաշխարհային հանրությանը տպավորել, թե իբր իր երկիրը պատրաստակամ է հաշտվելու Հայաստանի հետ` միաժամանակ սատարելով Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի դիմումին: Ի պատասխան՝ հայ պաշտոնյաներն ամեն ինչ արեցին թուրքական հմայքի արշավի հաջողությունը նվազեցնելու համար:

Հայաստանի ընտրած ռազմավարությունն էր` Դավութօղլու երևանյան այցը պահել ՍԾՏՀ համաժողովի շրջանակներում, և ոչ թե զբաղվել հայ-թուրքական երկկողմ հարաբերություններով, բացառելով որևէ քննարկում Հայ-թուրքական արձանագրությունների և Արցախյան հակամարտության վերաբերյալ: Ուստի զարմանալի չէ, որ Երևանում Հայաստանի նախագահի և Թուրքիայի արտգործնախարարի միջև որևէ հանդիպում տեղի չունեցավ:

Միակ պաշտոնական հանդիպումը կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը նաև հանդիպեց ՍԾՏՀ-ի մյուս մասնակիցների հետ որպես համաժողովի հյուրընկալող: Բնականաբար, Հայաստանի մայրաքաղաքում եղած ժամանակ Դավութօղլուն բախվեց որոշ խոչընդոտների: Նա ստիպված էր համաժողովի անցկացման վայր` ՛՛Մարիոթ-Արմենիա՛՛ հյուրանոց մտնել հետևի դռնից` իր այցի կապակցությամ երիտասարդ ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցից խուսափելու համար: 

Մինչ այդ, Նալբանդյանը հանդես եկավ մի շարք կուռ հայտարարություններով՝ ՍԾՏՀ համաժողովից առաջ, ընթացքում և հետո, նախազգուշացնելով Թուրքիային, որ Հայաստանը չի ընդունելու որևէ նախապայման, ինչպիսիք են Արցախի տարածքից մասնակի դուրս գալը` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական  հարաբերությունների հաստատման և սահմանի բացման դիմաց: 

Նալբանդյանի վճռական կեցվածքն ստիպեց Դավութօղլուն նահանջել, վախենալով, որ իր այցը Հայաստան կարող է որակվել որպես ձախողված: Ադրբեջանին վշտացնելու գնով, թուրք նախարարն ընդունեց, որ նա չի եկել ներկայացնելու կոնկրետ առաջարկներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, և չի պահանջել Արցախի երկու շրջաններից դուրս գալը, պնդելով, որ Երևան գալու իր միակ նպատակն էր հաղթահարել Հայաստանի և Թուրքիայի միջև ՛՛հոգեբանական պատնեշը՛՛ և սկիզբ դնել երկխոսության ու վստահության վերականգնմանը: 

Իր հայտարարած հարաբերությունների բարելավման որոնման նպատակով Դավութօղլուն հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ, որի ընթացքում նա Ցեղասպանությունը նսեմացրեց որպես անցյալի ՛՛որոշ իրադարձություններ՛՛ և կոչ արեց բոլորին ՛՛առաջ գնալ՛՛:

Երբ Մանուկյանը պատմեց Ցեղասպանության ժամանակ իր չորս հորեղբայրների մահվան մասին, Դավութօղլուն խոստացավ աղոթել նրանց համար` իրենց ծննդավայր` Մոկս, Վանա լճի հարավում, իր հաջորդ այցելության ընթացքում: Սակայն նա հանդգնեց խորհուրդ տալ հայերին չմոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի թուրք զոհերի մասին: Նա նաև սփյուռքահայերին առաջարկեց վերադառնալ իրենց նախկին հայրենիքը` ներկայիս Թուրքիան:

Մանուկյանի հետ հանդիպման ամենահետաքրքիր պահը Դավութօղլուի բացահայտումն էր, որ Անկարայում արտգործնախարարության կենտրոնական գրասենյակի շենքերից մեկը պատկանել է մի հայի, դրանով իսկ բարձրացնելով դատական հայցի հնարավորությունը նախկին սեփականատիրոջ ժառանգորդների կողմից: 

Արտգործնախարար Դավութօղլուն վերջին ճիգը գործադրեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախապատրաստական աշխատանքները խափանելու համար` պատմելով թռիչքի ժամանակ իրեն ուղեկցող թուրք լրագրողներին, որ 1915 թվականին հայերի ՛՛տեղահանությունը՛՛ ՛՛անմարդկային՛՛ էր: Հայտարարելով, որ Թուրքիան երբեք չի ողջունել այդ քայլը, նա դատապարտեց ՛՛տեղահանությունը՛՛ որպես ՛՛բացարձակ սխալ քաղաքականություն, որն իրականացվել է [Oսմանյան ժամանակաշրջանի  ղեկավարների ՛՛Միություն և առաջադիմություն՛՛ կոմիտեի օրոք]՛՛: 

Դավութօղլուն նաև հայտնեց, որ նա հանդիպել է սփյուռքահայերի հետ արտերկրում իր այցելությունների  ընթացքում, սակայն չի հրապարակել դրանց մասին` մտահոգվելով, որ ՛՛ծայրահեղական հայերը խնդիրներ կառաջացնեն՛՛: Թուրքական հմայքի արշավը լավ տպավորություն թողեց միայն նրանց վրա, ովքեր շատ տոգորված լինելով հայ-թուրքական հաշտեցմամբ, նույնիսկ խղճի խայթ չեն զգում, երբ դահիճին հավասարեցնում են զոհին: Միացյալ Նահանգները և Կանադան միակ երկրներն էին, որոնք ողջունեցին Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ կոչ անելով, որ երկխոսությունը շարունակվի երկու կողմերի միջև: 

Դավութօղլուի հմայքի արշավը Հայաստան կատարած այցելության ընթացքում Հարութ Սասունյան ՛՛Կալիֆորնիա Կուրիեր՛՛ թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ