Ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողությունները ևս
«Ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Եթե հիշում եք՝ տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղավ, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և սա եղավ արդյունքը, որ դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունն իրոք նվազել է»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսօր այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը՝ պաշտպանական բանակ, այսինքն՝ արդյունավետ իրականացնել մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունը: Չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որ կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք, որ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն, շատերը նորից ասում էին, համենայնդեպս կասկած էին հայտնում։ Հիմա ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողությունները ևս»:
Նախագահն անդրադարձել է նաև բանակը բարեփոխելու 7-ամյա ծրագրին, ինչպես նաև բանակում ամենամեծ կոռուպցիոն կծիկը բացահայտած իր բարեփոխումներից մեկի` զորակոչիկների զորակոչման և զորացրման օրերի վերաբերյալ հրամանագրի մասով լրագրողի դիտարկմանը.
«Բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է նոր սպառազինությամբ, կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, բայց մենք մի քանի ամիս հետո ապրելու ենք մի երկրում, որտեղ ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը, և այդ կառավարման համակարգին համահունչ նախ փոփոխություններ պետք է տեղի ունենան Զինված ուժերում, որ անցումը լինի շատ-շատ հարթ: Սա մեկ, որ շատ կարևոր է: Երկրորդ, միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր հաստատել: Միշտ էլ Զինված ուժերն իր աշխատանքը պլանավորել է մեկ, երկու, երեք տարով, երբ կառավարությունը սկսեց միջնաժամկետ ծրագրեր քննարկել, բայց հիմա մենք մի կողմից հնարավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորելու բարեփոխումները, մյուս կողմից դա ուղղակի անհրաժեշտ է՝ մենք պետք է տեսնենք, թե յոթ տարի հետո ինչ ունակություններ ենք ունենալու և ելնենք ոչ թե նրանից, թե ինչ միջոցներ կարող ենք դնել, այլ՝ ինչ միջոցներ են անհրաժեշտ: Փիլիսոփայությունն է մի քիչ փոխվում: