Ապրում է հանուն իր Ամալյայի եւ աշխատանք է խնդրում /վիդեո/
“Անօթեւան, երիտասարդ բանաստեղծի խնդրանքը” վերնագրով արդեն երեք օր է՝ տեսանյութ է հայտնվել Համացանցում, որտեղ երիտասարդ Հայկազ Մակարյանը խնդրում է օգնել իրեն՝ կացարանով եւ աշխատանքով:
Այս օրերի ընթացքում Հայկազին զանգահարել են Վահրամ Սահակյանը, 2 լրագրող եւ Վահագն անունով մի տղամարդ: “Դեռ գործնական ոչինչ չկա”,-պատմեց Հայկազը Henaran.am-ի հետ զրույցում՝ չմերժելով հյուր գալ մեզ:
Առաջին հայացքից մտածում ես՝ գուցե հերթական փող աշխատելու մեթո՞դն է:
“Ասում են` քո հագուկապը տեսնողը կմտածի, որ փող չունե՞ս: Ասում եմ` այո, ես մուրացիկ չեմ, հենց մուրացիկներին մի հավատացեք, որ դրամաշորթ են”,-Հայկազը պատմում է, որ հագուստները ընկերներն են տալիս:
“Աշտարակ եմ մնում՝ բարեկամի տանը, ես այնտեղ չորրորդական մարդ եմ: Բան չեմ ուզում՝ աշխատանք, որ կարողանամ կացարան վարձեմ”,-ասում է նա:
“Ինչական” չէ, որեւէ կուսակցության չի հարում, ունի իր հայացքները, սկզբունքները:
“Հայ ազգային կոնգրես, դաշնակցական, “հանրապետական” եւ այլն … բոլորը յուրայիններ են, չկա թշնամի, մեր գերագույն թշնամին դրսում է, պայքարը այնտեղ պիտի շարունակենք: Ներսում հաշտ ու խաղաղ պիտի լինենք”,-ասում է:
Միակը մարդը, ում համար մինչեւ հիմա ապրում է՝ վարդենիսցի Ամալյա Հակոբյանն է: “Իմ ընկերուհին է, որ սիրեց ինձ անպես, ինչպիսին ես կամ: Չնայեց որ անտուն եմ, անփող եմ, անգործ եմ”:
Շատ տեղեր է դիմել, ասում են՝ սպասի, մի դժգոհի, բայց ժամանակն անցնում է, չի սպասում:
Չի մոռանա կյանքում իրեն ձեռք հասցնողներին, բայց չի էլ ծախվի հանուն փողի:
“Եթե մարդիկ ինձ օգնեն ու հարցնեն իմ կարծիքը իրենց մասին, իհարկե եթե ճանաչեմ նրանց՝ անկեղծ կասեմ, չեմ վախենա”,-ասում է մեր զրուցակիցը՝ ըմպելով քաղցր, տաք թեյը:
Առողջական խնդիրներ ունի՝ մտքերից, առօրյա կյանքից տեսողությունն է վատացել: “Բուժվող է, փող չկա: Երեկոյան ժամերին ոչինչ չեմ տեսնում”,-ասում է Հայկազ Մակարյանը:
Խոսում է, պատմում, հետո նորից խնդրում, որ մարդիկ իրեն ճիշտ հասկանան: “Չգիտեմ, հույս չունեմ, բայց միգուցե այս հոդվածը կօգնի”,- եզրափակեց Հայկազը՝ շտապելով հասնել Աշտարակի վերջին ավտոբուսին: