Հուսահատ քիմիագործները նորից դրսում են /տեսանյութ/
Վանաձոր-ՋԷԿ-ի նախկին աշխատակիցների վերջին ցույցը սեպտեմբերի 19-ին էր, երբ, որպես բողոքի նշան, ցուցարարները փակել էին Մ-6 միջպետական ճանապարհը: Դեռ այդ ժամանակ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց «Վանաձոր-Քիմպրոմի» սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ, որպեսզի դատավարության ընթացքում առաջնահերթություն տրվի աշխատավարձերի պարտքին: Դատական նիստը, սակայն, հետաձգվել է մի քանի ամսով:
Գրեթե յոթ տարվա ընթացքում իրենց աշխատավարձերի վճարման պահանջով քիմպրոմցիները դիմել են տարբեր ատյաններ, իրակացրել բողոքի տարատեսակ ակցիաներ, այդ թվում՝ ամռան ամիսներին շուրջ քսան օր արգելափակել են Վանաձոր-ՋԷԿ-ի մուտքը՝ արգելելով բեռնատարների ելումուտը արտադրամասի տարածք: Այդ ժամանակ էլ դարձյալ Կարեն Ասատրյանը հորդորել էր բացել դարպասները՝ խոստանալով, որ մինչև նոյեմբերի վերջ աշխատավարձի պարտքը մարված կլինի:
Հուսահատ քիմիագործները այսօր հերթական անգամ դիմեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ նշելով, որ այսլևս չեն ցանկանում սպասել, քանի որ 2011թ.-ից աշխատավարձի պարտք ունեցող 150 աշխատակիցների թիվը գնալով նվազում է. արդեն մեկ տասնյակ աշխատակիցներ հեռացել են կյանքից՝ այդպես էլ չստանալով իրենց հասանելիքը:
Նրանք մարզպետին տեղեկացրին, որ բոլոր աշխատողներով համաձայնության են եկել, հրաժարվել տարիների ընթացքում կուտակված շուրջ 65 մլն դրամ կազմող տույժ-տուգանքներից, միայն թե աշխատավարձի մայր գումարի հերթը բերվի առաջին հորիզոնական ու առաջնահերթորեն տրվի: Խոսքը 65 մլն դրամի մասին է:
Մարզի ղեկավարը խոստացավ քիմիագործներին հանդիպել երկու օր անց՝ թեմայի հետ կապված վերջին զարգացումներին ծանոթանալուց հետո, բայց մինչ այդ տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարականով աշխատավարձերի վճարման հարցով զբաղվում է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ցուցարարները ցրվեցին՝ հուսալով, որ գոնե տույժ-տուգանքներից հրաժարվելուց հետո կստանան ամիսների «արյուն-քրտինքի» յոթնամյա վաղեմություն ունեցող վաստակը:
Գոհար Մովսիսյան