27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարության աշխատակազմում՝ զրուցել տեսչական բարեփոխումների խմբի, լիցենզավորման ու թույլտվությունների գործակալության և այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ղեկավար անձնակազմի հետ:

Խորհրդակցության ժամանակ Էկոնոմիկայի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Վահրամ Ավանեսյանն ընթացիկ տնտեսական միտումների հետ միասին ներկայացրել է նաև այն հիմնական շեշտադրումները, որոնք դրվելու են նախարարության հետագա գործունեության հիմքում: Նա, մասնավորապես, զեկուցել է Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների, քաղաքացիական ավիացիայի բնագավառում մեկնարկած բարեփոխումների ընթացքի, տեսչական բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև ինովացիոն քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրել է առևտրի և շուկաների կարգավորման ոլորտը՝ հիմնականում անդրադառնալով 2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության տվյալներին և արտահանման ծավալների աճին:

2013թ. ընթացքում որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման ոլորտում իրականացված հիմնական աշխատանքները զեկուցել է նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման բնագավառում մշակված 4 ազգային տեխնիկական կանոնակարգերի նախագծերին, Հավատարմագրման ազգային մարմնի, Ստանդարտների և Չափագիտության ազգային ինստիտուտների գործունեությանը:

Նախարարի մյուս տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է միջազգային տնտեսական համագործակցության, Եվրամիության հետ համագործակցության և մտավոր սեփականության ոլորտներում, մասնավորապես` երկկողմ և բազմակողմ համագործակցության, 2012-2013թթ. Եվրամիության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և իր համակարգման ներքո գտնվող այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:

Նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադարձել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններին ու առաջնահերթություններին:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը Հանրապետության Նախագահին ծանոթացրել է աշխատակազմի կառուցվածքին, զեկուցել մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքներն ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցները լսելուց հետո, Նախագահը խոսել է Էկոնոմիկայի նախարարության առջև դրված խնդիրների և առաջնահերթությունների մասին. ”Եթե ընդհանրացնելու լինենք մեր խնդիրները, ապա պետք է ասեմ, որ գործունեության նոր և շատ լայն դաշտ է բացվել, որտեղ ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ու խորաթափանց աշխատանք:

Հատուկ ընդգծում եմ այդ բառերը, որովհետև, իրոք, աշխատանքի այս որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցության հետ: Եվ այստեղ բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որ մենք վերցրել ենք մեզ վրա”,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մնացած ուղղություններով նախարարության հետևողական աշխատանքը, այդ թվում՝ բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդման, արտահանման ներուժ ունեցող, մեծածավալ աշխատատեղեր ապահովող ոլորտների զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցման ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Էկոնոմիկայի նախարարությունում վերլուծական կարողությունների զարգացման անհրաժեշտության և այդ նպատակով համապատասխան կենտրոնի ձևավորման մասին, որի աշխատանքի արդյունքն ավելի գործնական նշանակություն պետք է ունենա: Նախագահը կարևորել է նման կենտրոնի գործունեության հրապարակայնությունը և իրականացված վերլուծությունների հանրամատչելիությունը:

Հանրապետության Նախագահը նշել է, թե որպես սկիզբ, ակնկալում է, որ փետրվար-մարտ ամիսներին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն վերջնականապես կամփոփի 2013 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքները, կառավարությունը հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ:

Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված միտումները, կերևան, թե որքանո՞վ են կատարվել 2013 թվականի համար դրված նպատակները, կատարվե՞լ են, թե՞ ոչ, եթե չեն կատարվել, ապա որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների, որքանո՞վ են արտաքին գործոններն ազդել արդյունքի վրա, և ապագա զարգացումների համար ի՞նչ հիմքեր են դրվել և այլն: Այսպիսի վերլուծությունները, ըստ Նախագահի, պետք են նաև, որպեսզի բոլորի համար հասկանալի լինեն որոշումներն ու մոտեցումները:

Էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, ներկայացնելով լայն քննարկումների առիթ դարձած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շուրջ սկսված գործընթացի մասին իր տեսակետը՝ Սերժ Սարգսյանն ասել է.

”Գիտեք, այդ խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել և ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է:

Ես ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում: Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին:

Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք:

Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են:

Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, և բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն”,-ասել է նախագահը:

Խորհրդակցության ավարտին Էկոնոմիկայի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, առաջին բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը, միջազգային տնտեսական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Նինա Տեր-Գրիգորյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ