Օհանյանն աղերսներ ունի՞ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի հետ
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեեց Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական քննության ժամանակ հրապարակված ձայնագրության մասին: Ընդգծենք՝ այդ ձայնագրությունում մեղադրյալներ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը խոսում են այն մասին, որ իրենք ունեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի աջակցությունը: Իսագուլյանը նշեց՝ այս հարցի մասին խոսելիս նախ պետք է պահպանել անմեղության կանխավարկածը:
Այն, ինչ դատավարություն ընթացքում տեղի է ունենում, վերջնական կդառնա միայն օրինական դատավճռով: Եթե ձայնագրությունը ճիշտ է, ապա դա բավականին ծանր հետևանքներ պետք է ունենա, որովհետև մարդիկ, ովքեր ժամանակին զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, անթույլատրելի է, որ նման արկածախնդիր մարդկանց հետ գնան համագործակցության, որոնք զինված գործողություն են անելու ՀՀ-ի ներսում: Եթե սա ճիշտ է, ապա ով էլ լինի, պետք է խիստ դատավճիռ լինի»,- ասաց բանախոսը:
Սակայն Իսագուլյանը հավանական համարեց նաև այն վարկածը, որ, միգուցե, Սեյրան Օհանյանը աղերսներ չունի տվյալ ձայնագրության հետ:
«Եղել են նման դեպքեր, որ տրվել են մարդկանց անուններ, որոնք կապ չեն ունեցել գործի հետ, ու այդ մարդիկ ջրից չոր են դուրս եկել: Ես կցանկանայի հավատալ այս տարբերակին, բայց եթե պարզվի, որ նման խոսակցություն եղել է, ապա հետևանքները ծանր պետք է լինեն: Որևէ կերպ չի կարելի արդարացնել նման բանը, առավել ևս ՊՆ նախարարի կողմից, քանի որ ՊՆ նախարարը համարվում է պետության 2-րդ դեմքը: Սակայն որևէ բան հայտնի չէ դեռ և լուրջ պետք է ուսումնասիրվի»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը: