Թուրքիայում երեք նախկին նախարարի արգելվել է երկրից դուրս գալ
Նախօրեին թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP –ԺՀԿ) անդամ, պատգամավոր Հալուք Փեքշենը, հայտնել է, որ գործարար Ռեզա Զարրաբի գործի շրջանակներում երեք նախկին նախարարի արգելվել է լքել երկիրը։ Հայտնում է «Demokrathaber»-ը։
Ըստ Փեքշենի, ԱՄՆ-ում ձերբակալված Զարրաբը օրեր առաջ ցուցմունք տալիս իր խոսքում հիշատակել է Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշի և նախկին Ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի անունները։ Ինչից հետո երկրում որոշել են նախկին պաշտոնյանների արտասահմանյան այցերի վրա արգելք դնել։
Նշենք, որ Ռեզա Զարրաբը թուրք-իրանական ծագումով հայտնի գործարար է, որը պարբերաբար հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում իր կատարած ապօրինի գործարքներով։ Այս անգամ, նրան կալանավորել են ԱՄՆ-ում։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նրան կասկածում է ապօրինի ֆինանսական գործողություններ կազմակերպելու մեջ, որոնք Իրանին թույլ էին տալիս շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները 2010-2015 թվականներին։ Մեղադրանքը ներկայացվել էր այս տարվա սեպտեմբերին։ Զարրաբից բացի, այն ներկայացվել է նաեւ նախկին նախարար Չաղլյանին, Պետբանկի նախկին ղեկավար Ասլանին եւ եւս 2 թուրք պաշտոնյայի։ Բոլորին մեղադրում են դավադրության և ԱՄՆ ֆինանսական համակարգը Իրանի կառավարության օգտին հարյուրավոր միլիոն դոլարների գործարքներ կնքելու համար օգտագործելու մեջ։
Աղբյուր` Ermenihaber.am