Նախարարը ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է ԵՆԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Ներկայում նաև ԵՆԲ-ի աջակցությամբ է, որ ընթանում է շինարարություն Հայաստանի համար կարևորագույն Մ6 ավտոճանապարհին և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ում:
ԵՆԲ փոխնախագահ Վազիլ Հուդակը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում՝ ակնկալելով գործակցություն նաև տնտեսության թվայնացման գործընթացներում:
Նախարարի խոսքով՝ Տրանշ 3-ում շինարարության ընթացքը բավարար է: «Որոշ ձգձգումների պատճառ են հայտնաբերված հնագիտական որոշ օբյեկտներին առնչվող խնդիրները: Բայց այնտեղ ամենօրյա վերահսկողություն է իրականացվում, աշխատանքները կավարտվեն ժամանակին»,- վստահեցրեց Վահան Մարտիրոսյանը:
Մ6-ում նույնպես շինաշխատանքները շարունակվում են: «Հնարավոր էր ավելի արագ ավարտել շինարարությունը, բայց Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցման հետ կապված ճանապարհի ծրագիծը պիտի փոփոխության ենթարկվի: Գերադասում ենք հիմա այդ հարցը լուծել, ոչ թե շինարարությունն այսպես հասցնել ավարտին, հետո քանդել ու նոր փոփոխություններ անել»,-պարզաբանեց նախարարը:
Քննարկվեցին նաև տրանսպորտի ոլորտին առնչվող հարցեր. նախարարը ներկայացրեց տրանսպորտային նոր համակարգի ներդրման ծրագիրը՝ ակնկալելով, որ ԵՆԲ-ն կարող է և՛խորհրդատվական, և՛ ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ճանապարհային անվտանգության հետ կապված ծրագրին ԵՆԲ-ի դրամաշնորհային աջակցության համար` նշելով, որ եկող տարի այդ միջոցները կուղղվեն ավտոճանապարհներն անվտանգության էլեմենտներով կահավորելուն:
Կողմերը քննարկեցին նաև Հայաստանի ճանապարհների թվայնացման ծրագիրը: Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ արդեն իսկ սկսվել է ճանապարհների թվային քարտեզագրման գործընթացը, սակայն անհրաժեշտ է աջակցություն՝ ավելի բարձր մակարդակի թվայնացման անցնելու համար: Ներկա փուլում այս ուղղությամբ մասնավոր հատվածի հետ բանակցություններ են տարվում:
Նախարարը հայտնեց նաև, որ բոլորովին վերջերս կառավարությունը հաստատել է Տվյալների մշակման կենտրոնի (Data center-ի) ստեղծման ծրագիրը: Այդ ուղղությամբ ևս քննարկվեցին համագործակցության հնարավորությունները: