Ամոթ այն հային, ով նրան փախցրեց. Դավութօղլուն մտավ հետնամուտքից /ֆոտո, վիդեո/
Մոտ 40 րոպե է` ինչ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց հավաքվել են մի խումբ երիտասարդներ, որոնց թվում հիմնականում ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” և ՍԴՀԿ “Սարգիս Տխրունի” երիտասարդական կազամակերպությունների ներկայացուցիչներն են: Հայ երիտասարդները բողոքի ակցիայով են դիմավորում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որը Երևանում է՝ մասնակցելու Սևծովյան երկրների տնտեսական համաժողովին:
Երիտասարդների կողքին է նաև ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր` Զարուհի Փոստանջանյանը: Նրանք հնչեցնում են ազգային-հայրենասիրական երգեր և պահանջում` “Հատուցում”, “Ճանաչում”, “Փոխհատուցում”:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորեց չփակել հյուրանոցի մուտքը:
Սակայն պարզվեց, որ Դավութօղլուն հետնամուտքից է մտել հյուրանոց: Ակցիայի մասնակիցները “Ամոթ. ամոթ” վանկակերցին: Նրանք Թուրքիայի խորհրդանշական դրոշները շպրտեցին օդ եւ ոտնակոխ արեցին:
“Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ վախկոտ է, որ վախենում է առճակատվել պատմությանը, որ վախենում է կանգնել ու բաց աչքերով նայել Հայոց Ցեղասպանության ժառանգներին։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, միշտ էլ հետամուտքով է մտնելու, միշտ էլ փախեփախ է ման գալու։ Թող իմանան, որ մենք պահանջատեր ենք։ Եթե այսօր մենք չկարողացանք իրավունքով կամ միջազգային հանրության ճնշումով հասնել պատմության արդարությանը, մեր թոռները վաղը զենքով են հասնելու դրան”,- ասաց ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը։
Հիշեցնենք, Թուրքիայի ԱԳ նախարարը Երեւան է ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովին մասնակցելու: Այցը շարունակում է տեղական մամուլում ՛՛թոփ՛՛ լուր մնալ իր ինտրիգայնությամբ, թեեւ նախօրեին ՀՀ նախագահի խոսնակի հայտարարությունը, որ նախագահ Սարգսյանը չի հանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարին որոշ չափով կոտրեց Անկարայի ՛՛շոու՛՛-ի ուժգնությունը:
՛՛Նոր Քիսինջեր՛՛ այսպես են անվանում Ահմեդ Դավութօղլուին ամերիկացի քաղաքագետները՝ նրան համարելով լավագույն դիվանագետ: Վաշինգտոնն արդեն ողջունել է նրա այցը Երեւան, որի նպատակն է ՛՛բարեկիրթ՛՛ հարեւանության դիրքերից խոսել Երեւանի հետ: Թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ Դավութօղլուն ԼՂ հարցի շուրջ կարգավորման առաջարկով է հանդես գալու Երեւանում:
Երեւանն, իհարկե, այս ամենին ՛՛0՛՛-ական ուշադրության է արժանացնում՝ հիշեցնելով Անկարայի մեղքով առկախված հայ-թուրքական արձանագրությունները:
Մանրամասները` տեսանյութում: