Օլիգարխները նախընտրում են ներդրումներ անել ԵՄ-ում, ոչ թե ԵԱՏՄ-ում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ շատ դժվար է ակնհայտ ճշմարտություններն ապացուցել, բայց դրանք կյանքի ու տրամաբանության հիմքն են: Հիմա, ըստ նրա, այն, որ ՀՀ-ն պետք է դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նման աքսիոմա է: Այս մասին նա խոսեց այսօր խորհրդարանում «Ելքի» նախաձեռնած լսումների ժամանակ, որտեղ առաջարկվում է ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցումը:
Սաքունցը նախ հիշեցրեց, որ չի կարելի հակադրել ԵԱՏՄ-ն ու Եվրոպական միությունը: «2 աթոռների վրա միաժամանակ նստողների վիճակը, գիտենք, ինչ է լինելու վերջը: ՀՀ հանրությունը նախորդ տարիների ժամանակ, ըստ մեր հարցումների, կողմնորոշված է դեպի Եվրապական միության սերտաճում: Լավ կլինի քաղաքական կամք ու խիզախություն ունենալ այդ որոշումն ընդունելու»,-ասաց նա:
Սաքունցն ընդգծեց՝ ԵԱՏՄ անդամակցության ժամանակ բերված հիմնավորումները չեն ապացուցվել: «Ես փնտրում եմ ճանապարհային, տրանսպորտային կապերը դեպի ԵԱՏՄ շուկա, որ ժամանակին սխեմաներով էին, բայց դեռ չեմ գտնում տրանսպորտային կոմունիկացիաները, կորել են այդ ճանապարհները, կամ դեռևս դրանք չեն գտել: Իսկ տնտեսական գործունեության կարևորագույն հիմքը ճանապարհն է, որը խափանվում է Լարսի անցակետով»,-նշեց նա:
Իրավապաշտպանը թվարկեց, որ ԵԱՏՄ անդամներ երկրները կոռուպցիայի, տնտեսական անկման տեսակետից շատ վատ վիճակում են: «ՌԴ-ն կոռուպցիայի տեսակետից «ծաղկում ու զարգանում է», 150-ից անցել են քաղաքական հետապնդումները, Բելառուսում մահապատիժը վերացված չէ, նույնիսկ մահապատիժը ՌԴ-ում սահմանելու վերաբերյալ լուրեր կան: Այսինքն՝ այս երկրներին համակարգային անպատժելիությունն է բնորոշ»:
Վերջում Սաքունցը նշե, որ սովորաբար շատ օլիգարխներ իրենց գումարը ներդրնում են հենց Եվրամիության երկրներում, այսինքն՝ այնտեղ, որտեղ կա իրավական գործունեության կանխատեսելիություն: