02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտոնյան մեքենայի տեղի համար կռիվ է սարքել կայանատեղիում. Առավոտ

Երեկ իմացա, որ միջին կարգի մի պաշտոնյա իր «մուրազին» հասնելու հաջորդ իսկ օրը կռիվ է սարքել կայանատեղիում՝ պահանջելով, որ իր մեքենայի համար տեղ հատկացվի` իր նոր պաշտոնին համապատասխան: Դա եւս մի անգամ ապացուցում է այն պնդումը, որ մարդիկ պաշտոնի ձգտում են ոչ միայն փողի, այլեւ «պատիվ-հարգանքի» համար, ձգտում են «ամբողջ ծավալով» ցույց տալ իրենց, թեկուզ փոքր, իշխանությունը:

Մինչդեռ պետք է լինի հակառակը՝ որքան շատ է մարդուն տրված, այնքան հասարակ նա պետք է լինի, այնքան քիչ ցցվի եւ գլուխը կախ իր գործն անի: Բայց երբ խոսքը գնում է նյութական բարիքների եւ իշխանական լծակների մասին, մարդիկ չեն դիմանում գայթակղությանը եւ ցանկանում են առանձնանալ իրենց կենցաղի շքեղությամբ, փայլել իրենց վսեմ կերպարով, քարոզել իրենց գործերը:

Դա, մասնավորապես, վերաբերում է PR-ին, ավելի ճիշտ՝ դրա «կացնային», հնացած ընկալմանը: Եթե ես պաշտոնյա լինեի (ինչը, բնականաբար, երբեք տեղի չի ունենա), նշանակվելու կամ ընտրվելու առաջին իսկ օրը կդիմեի լրատվամիջոցներին եւ կասեի. «Հարգելի գործընկերներ, լուսաբանեք իմ գործունեությունը ինչպես որ ցանկանում եք՝ դրական, բացասական, չեզոք:

Եթե կարծում եք, որ իմ հանդիպումները, նիստերը, ելույթները, խորհրդակցությունները ձեր սպառողներին չեն հետաքրքրում, ընդհանրապես մի՛ լուսաբանեք, իսկ եթե կարծում եք, որ հետաքրքիր են, նվիրեք դրան մի տող կամ չորս էջանոց «լավաշ», կես րոպեանոց կամ 10 րոպեանոց ռեպորտաժ՝ ինչպես որ դուք նպատակահարմար եք համարում: Հայտնեք այդ իրադարձության մասին դրա ավարտից 5 րոպե, 5 ժամ կամ 5 օր հետո՝ դարձյալ ելնելով «լրատվական ապրանք» վաճառելու ձեր շահերից»: (Պարզ է, որ խոսքը ոչ պետական լրատվամիջոցների մասին է): Նույնը խորհուրդ կտայի մեր օլիգարխներին, որոնց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները անզուսպ փառաբանում են իրենց «շեֆի» բարեգործությունները:

Նույնը նաեւ՝ կենցաղում, առօրյա շփումներում. վստահ եմ՝ շահել հասարակության վստահությունը հնարավոր է համեստությամբ, զուսպ կեցվածքով: Դա, եթե խորը մտածես, այնքան էլ բարդ գործ չէ, որը, սակայն, պահանջում է որոշակի «զոհողություններ»: Բայց հենց այդ «զոհողություններին» մեր մանր ու մեծ պաշտոնյաները պատրաստ չեն: Եվ դա նույնպես բնական է. չէ՞ որ նրանք պաշտոնյա են դառնում հենց անզուսպ եւ անհամեստ լինելու համար:   

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ