Ուզի ԲՀԿ-ը, թե ոչ…իրավիճակ է փոխվել
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հավանական չի համարում տարբերակը, որ «Ծառուկյան» խմբակցության՝ վերջին շրջանի ակտիվ քննադատությունները կարող են տանել Կառավարության հրաժարականի պահանջին: «Այս դեպքում նման օրինաչափությունը չի աշխատում այն պարզ պատճառով, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգյսանը Մոսկվայից չէր նշանակվել վարչապետ, փաստորեն նախագահականն էր նրա թիկունքում, «Բաղրամյան 26-ն» էր նրան պաշտպանում, իսկ այս կոնկրետ դեպքի վերաբերյալ կարող ենք ասել, որ ՌԴ-ից եկավ կոնկրետ այս վարչապետը, և նա ունի որոշակի թիկունք, մամուլում նշվում է ոչ միայն Սամվել Կարապետյանի անունը, նաև ռուսական իշխանությունների հետ կապված համաձայնությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ Արմեն Բադալյանի՝ որքան էլ ընդդիմադիր ուժերը քննարկեն նրան, քննադատեն, որքան էլ ԲՀԿ-ն քննադատի, նույն կոնտեքստում չի դիտվի, ինչ որ Տիգրան Սարգսյանի դեպքում էր, երբ սկսվեցին քննադատությունները, հրաժարականի պահանջ դրվեց, ապա և նա հրաժարական տվեց: «ԲՀԿ-ի կողմից այդ քննադատությունը կարող էր օգտագործվել Տիգրան Սարգսյանին աշխատանքից ազատելու հարցում՝ ելնելով բարդ քաղաքականությունից, բայց եթե որոշեն, որ Կարեն Կարապետյանը մնում է վարչապետ կամ փովարչապետ, ինչքան էլ ԲՀԿ-ն դա չի ուզի, նա որևէ արդյունքի չի հասնելու, որովհետև իրավիճակն է փոխվել»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է բուն քննադատությանը, որը սկսվեց «Առինջ մոլի» հետ կապված դեպքերի ժամանակ, ապա բյուջեի քննարկումների, ապա Արմեն Բադալյանն ասաց. «Ամենայն հավանականությամբ այն կապված էր «Առինջ մոլում» հարկային ստուգումների հետ, ես ենթադրում եեմ, որ այդ իրադարձություններն այս կոնտեքստում պիտի դիտել: Սա չի նշանակում, որ գործող վարչապետն անպայման մնալու է ապրիլից հետո, նա կարող է վերադառնալ ՌԴ, որովհետև իշխանությունների ձևավորման գործընթացի կեսկից ավելին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Վարչապետի հարցը միգուցե լուծված է, որի մասին հասարակությունը կտեղեկացվի ապրիլին, կարող է նախագահականը ԲՀԿ-ի քննադատությունը օգտագործի վարչապետից ազատվելու համար, եթե կա նման որոշում, իսկ եթե չկա նման որոշում, ուրեմն որքան ուզում են, թող ապարդյուն քննադատեն»,-եզրափակեց փորձագետը: