Ստամբուլի հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Թուրքիայի մեջլիս
Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի երեխաները դեպի Անկարա կատարած իրենց մեկօրյա այցի շրջանակներում այցելել են Թուրքիայի խորհրդարան: 40 հոգանոց հայ աշակերտների խումբը խորհրդարանում հանդիպել է մեջլիսի 3 հայ պատգամավորների՝ Կարո Փայլանի (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-HDP), Սելինա Դողանի («Ժողովրդահանրապետական կուսակցություն»- CHP), և Մարգար Եսայանի (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»-AKP) հետ:
Ըստ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի՝ աշակերտները դպրոցի տնօրեն Ալիս Բայրամի ուղեկցությամբ մեջլիսի տարբեր բաժիններով շրջելու և կառույցի աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն են ունեցել: Աշակերտները հայ պատգամավորներից հետաքրքրվել են վերջինների կենսագրության, մանկության, առօրյայի ու քաղաքական գործունեությոն մասին:
Հայ պատգամավորներից Սելինա Դողանը «ֆեյսբուք» սոցցանցում հրապարակել է աշակերտների հետ հանդիպման լուսանկարները և գրել.
«Դադյան մասնավոր հայկական միջնակարգ դպրոցի աշակերտները խորհրդարանում մեզ այցի են եկել: Ես նույնպես այդ դպրոցն եմ ավարտել: Բոլորս միասին մասնակցում ենք այս աննախադեպ իրադարձությանը:
Այս մեջլիսը բոլորինս է, ամենաշատը՝ երիտասարդներինը: Երջանիկ կլինենք, եթե կարողանանք նրանց օրինակ ծառայել»: