Հացի կրիմինալ գին
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հացի շուկայի մասին: Արմեն Պողոսյանն նկատեց , որ Հայաստանում մեկ անձն օրական օգտագործում է չորս հարյուր գրամ հաց, ինչն անթույլատրելի է և խոսում է բնակչության աղքատության, անվճարունակության և ոչ ճիշտ սննդակարգի մասին:
Սովորաբար անհրաժեշտ է, որպեսզի երեխան օրական 50-60, իսկ մեծահասակը` 100-200 գրամ հաց օգտագործի: Սննդակարգում ամենաշատը պետք է գերակշռեն միրգը, բանջարեղենը և կաթնամթերքը:
Արմեն Պողոսյանը կարծում է , որ հացը պետք է չափավոր օգտագործվի, իսկ հացի շատ սպառումը վատ ապրուստից է գալիս, և մենք այսօր օգտագործում ենք այնքան հաց, որքան սովորաբար օգտագործում են պատերազմական վիճակում գտնվող երկրները:
Արմեն Պողոսյանն ասաց, որ Հայաստանի ցորենի վաթսունհինգ տոկոսը ներկրվում է, քանի որ մեր ունեցած հացի պաշարները չեն բավարարում. “Սրան զուգահեռ մեզ մոտ առկա է հացի գնի կրիմինալ թանկացում: Մենք իբրև հաց ենք գնում, սակայն մեր գնածը մեծամասամբ օդ է”,-ասաց Արմեն Պողոսյանը: