20 տարվա վեճ. Վազգեն Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի տարբերությունը. Առավոտ
Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ տարկետման վերացման և 18 տարեկաններին բանակ զորակոչելու 20-ամյա վեճի մասին:
1997 թվականին իշխող ՀՀՇ-ի ներկայացուցիչ և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 20 տարի առաջ զորակոչը վտանգի տակ էր արդեն. «Այսօր պետք է հասկանալ, որ բանակում քանակը կարևոր է, բայց երկրորդական: Բանակում տեխնիկական միջոցների օգտագործումը, ռազմավարական և մարտավարական հնարքները շատ ավելի կարևոր են, քան շարքային ծառայողների քանակը: Այսօր ծառայողը ոչ թե, պայմանական ասած, կալաշնիկովով կանգնած մարդն է, այլ ժամանակակից զենքին տիրապետող, համակարգչային գիտելիքների և հնարքների տիրապետողը: Այս ուղղությամբ է գնացել 20 տարիների ընթացքում զարգացումը: Բարդ տեխնոլոգիական զարգացում է եղել, և այսօր կրթված մասնագետը դառնում է ավելի կարևոր»:
Վիգեն Սարգսյանը պնդում է, որ այսպիսով իրենք փորձում են սոցիալական արդարության հարց լուծել: Հավատո՞ւմ եք այդ փաստարկին:
Ես չեմ կարծում, որ ծառայությունից խուսափելու կամ երեխաներին այլ երկիր տանելու մեջ սոցիալական պատճառ կա: Չեմ կարծում, որ որևէ մեկը տանում է իր երեխային, ասենք, Ռուսաստանի քաղաքացի դարձնելու, քանի որ արդարություն չկա: Հիմնական պատճառն, ըստ իս, այն է, որ բնակչության մոտ երեխաների կյանքի համար չկա երաշխիք: Թե’ բանակի ներսում տիրող մթնոլորտը, թե’ սահմաններում տիրող իրավիճակը մարդկանց մեջ բացասական տրամադրություններ են առաջացնում: Ամեն օր մենք հաղորդագրություններում կարդում ենք, որ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զինվոր է մահացել, կամ ադրբեջանական կողմը «Սպայկ» է կիրառել, զինվոր է զոհվել: Սա է խնդիրը, որ պետությունը, բանակը և քաղաքական իշխանությունը պետք է փորձի լուծել, որպեսզի այսպիսի դեպքերը լինեն շատ արտառոց, ոչ թե առօրյա: Սա եթե ապահովվի, մնացյալ հարցերը կդառնան երկրորդական:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: