Վիլնյուսի տնտեսական օրակարգից
ԵՄ Արևելյան գործընկերության Գործարար համաժողովին մասնակցելու նպատակով նոյեմբերի 27-ից երկօրյա այցով Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում է գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը:
Նոյեմբերի 27-ին, Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունում, տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանը, ուղղակի օդային հաղորդակցության հնարավորություններին, արդյունաբերության և ազատ տնտեսական գոտիների ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող խնդիրներ:
Նաև նշվել է, որ ներդրումների և առևտրաշրջանռության ծավալների ավելացման համար կա անհրաժեշտ ներուժ, և փոխադարձ գործարար համաժողովների ու այցերի միջոցով անհրաժեշտ է խորացնել հարաբերությունների զարգացումն այդ ուղղություններով:
Կողմերը կարևորել են Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գաղափարը, քանի որ այն կարևոր ձևաչափ է երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Արդյունքում որոշվել է, որ առաջիկայում երկու երկրների դեսպանությունների միջոցով կմեկնարկեն հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտ ընթացակարգերը՝ համապատասխան իրավական հիմք ապահովելու նպատակով:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին և նշել, որ վերջին տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններն այս ոլորտում դինամիկ կերպով զարգացել են և, դրանցով պայմանավորված, մի շարք ուղղություններով էական բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում ողջունվել է նաև ԹՎԻՆՆԻՆԳ ծրագրերում Լիտվայի մասնակցությունը, նշվել է, որ Հայաստանի կողմից ներկայացվելիք հետագա ծրագրերում ևս Լիտվան պատրաստակամություն կդրսևորի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին զարգացումները ՀՀ-ԵՄ հարաբերություններում, մասնավորապես Հայաստանի կողմից Եվրասիական Մաքսային Միության անդամակցության վերաբերյալ որոշումը և շեշտվել է, որ նոր իրավիճակում կողմերը պետք է ձգտեն հնարավորության սահմաններում զարգացնել հարաբերություններն ու ապահովել ընթացիկ բարեփոխումների շարունակականությունը: