Արարատ համայնքում մեծ շուքով նշվեց Բերքի տոնը
Երեկ Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքում՝ Հաղթանակի հուշահամալիրի այգում, տեղի ունեցավ Բերքի տոն։ Այն կազմակերպվել էր Արարատի համայնքապետարանի ջանքերով՝ համայնքապետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։
Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինա Մելոյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ բերքի տոնին մասնակցելու հրավեր են ստացել համայնքի տարածքում գործող կազմակերպությունները՝ ներառյալ դպրոցները, ամբուլատորիան, մանկապարտեզը։
«Բերքի տոնին մասնակցում էին նաև մեր համայնքում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, մեր համայնքի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտները։ Մոտավորապես 15 սեղան էր ցուցադրված։ Բերքի տոնին ներկա էին գտնվում հարևան համայնքների ղեկավարները, Արարատի մարզի մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի գլխավորությամբ։ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող շրջանային բոլոր ընկերությունները ևս մեր կողմից հրավեր ստացել էին և մասնակցեցին միջոցառմանը։ Երևանից ևս հյուրեր ունեինք… մի խոսքով՝ բերքի տոնին Արարատ համայնքը բազմաթիվ հյուրերի էր հյուրընկալել», – նշեց Արմինա Մելոյանը։
Վերջինս շեշտեց՝ Բերքի տոնի ընթացքում եղել են նաև հետաքրքիր անակնկալներ․ այդ օրն Արարատի համայնքապետարանը մրցանակներ էր պատրաստել։
«Մրցանակային 4 անվանակարգ ունեինք՝ «Տարվա խաղողագործ», «Տարվա բանջարագործ», «Տարվա տնայնագործ» և «Տարվա անասնաբույծ»։ Այս մրցանակները, իհարկե, Բերքի տոնին գտան իրենց տերերին։ Ընդգծեմ, որ Բերքի տոնը մեր համայնքում միաձուլվել էր արվեստի, մշակույթի հետ․ գեղեցիկ համերգային ծրագիր ներկայացվեց, ինչպես նաև ցուցահանդես, որին մասնակցում էին համայնքի նկարչության խմբակը, սպորտային և մշակութային խմբակները․․․ Մեր համայնքը բավականին մեծ է։ Համայնքի բնակիչները մի ընտանիքի պես համախմբվել էին․ յուրաքանչյուրս մեր ջանքերին էինք ներդրել, որպեսզի Բերքի տոնը կայանար և իսկապես, կարող ենք ասել՝ այդ տոնը հիշարժան դարձավ մեր համայնքի համար․ Բերքի տոնը վերածվեց գյուղի տոնի», – եզրափակեց Արմինա Մելոյանը։