Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել տեղական արտադրության զենքեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել թուրքական արտադրության MPT-76 ինքնաձիգեր: Ըստ թուրքական «Takvim.com.tr» լրատվամիջոցի՝ այդ մասին համապատասխան հրահանգ է տվել անձամբ Թուրքիայի նախագահը:
Ընդգծվում է, որ Էրդողանը հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նահանգապետների հետ հանդիպման ժամանակ նշել է ազգային արտադրության սպառազինության օգտագործման կարևության մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ամերիկյան արտադրության զենք վաճառել:
Աղբյուրը նշում է, որ այդ ինքնաձիգերը կօգտագործեն ոչ միայն Էրդողանի թիկնապահները, այլև Էրդողանի ելույթների ժամանակ անվտանգությունն ապահովող ոստիկանները:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին: