Որքան վատ այնքան լա՞վ
Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը 22.11.2013թ. բավական մանրակրկիտ և պատկերավոր ներկայացրել է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը կոլապսի բերելու ռազմավարական ծրագիրը։ Ընդ որում, ներկայացրել է ժամանակագրական առումով հստակ հերթականությամբ, բաշխված դերերով, անգամ երկոսություններ ու պատճառաբանվող բառեր ներկայացնելով։
Մի խոսքով, այնքան պարզ ու մատչելի, որ թվում է, թե ծրագիրը հատուկ մշակվել է “ուղեղների կենտրոններից” որևէ մեկում և հրամցվում է հանրությանը որպես ապագա գործողությունների ճանապարհային քարտեզ։ Տարօրինակ է սակայն, որ այդ ամենը փորձ է արվում վերագրել պետության ու Երևանի կառավարիչներին։ Մի փոքր մանրամասնենք խնդրի առնչությամբ դեպքերի ընթացքը և թարմացնենք բոլոր նրանց հիշողությունը, ովքեր պայքարի թոհ ու բոհի մեջ մոռացել են որոշ մանրամասներ և կոչեր ։
Ընդվզման, քաոսի և մասնավորապես հասարակական տրանսպորտի կոլապսի միտքն ամբողջ ամռան ընթացքում թևածում էր «սրտացավ ակտիվիստների» բառապաշարում։ Առիթը բաց չէր թողնվում պարբերաբար հայտարարելու ոլորտը կոլապսի հասցնելու մասին։ Այդ ամենն արվում էր բացեիբաց և նույն հայտարարողներն այսօր, ոլորտների մեջ տարբերակում չդնելով, շարունակում են իրենց “գործը”։
Ըստ երևույթին նշվածների կողմից տրանսպորտի ոլորտը կոլապսի հասցնելու ծրագրի պլանավորման փուլն ավարտվել է և արդեն կետ առ կետ հանրությանն են ներկայացնում գործողությունների մշակված ծրագիրը, չխորշելով անգամ այնպիսի զազրելի սցենարներից, որոնք հիվանդագին երևակայությամբ հասնում են մինչև անմարդկային ոճրագործությունների և ազգամիջյան սրացումների աստիճան։
Ամեն ինչ ավելի քան տեսանելի է ու պարզ, սակայն անհասկանալի է, թե ինչու է այս ամենը վերագրվում պետությանն ու մասնավորապես Երևանի քաղաքապետարանին այն պարագայում, երբ արդեն ամիսներ շարունակ հենց քաղաքապետարանի կողմից է հիմնավորվում ոլորտը հնարավորինս կանոնակարգելու անհրաժեշտությունը։
Ցանկացած պայքար պետք է ունենա իր գաղափարական հենքը և միտումնավոր, մտացածին հորիվնվածքներն ու սուտը որևէ համախմբող արդյունքի չեն կարող հասցնել։ Մեր «սրտացավերի» մոտ այդպես էլ շարունակում է արդիական մնալ որքան վատ այնքան լավ սկզբունքն ու այդ համատեքստում նրանք անընդհատ ավելացնում են վատի կանխազգացողության խիստ վնասակար պաշարը։
Ցավալի է, բայց՝ փաստ։
Ա. Գևորգյան
Երևանի քաղաքապետի խորհրդական