ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հայտարարել է, որ վիզաների հարցում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը չի անդրադառնա երկու երկրների ռազմական համագործակցության վրա:
«Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր` Թուրքիայի հետ շարունակելու ենք պայքարել միևնույն թշնամու դեմ, մեր համագործակցությունը շարունակվելու է»,-նկատել է Մեթթիսը:
Թուրքական «Ihlas» լրատվական գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարության աղբյուրներին, նշում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում վիզաների հարցով առաջացած լարվածությունը կարգավորելու համար ամերիկյան կողմն առաջիկա շաբաթների ընթացքում պատվիրակություն կուղարկի Թուրքիա: Այն կգլխավորի ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջոնաթան Քոհենը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին: