Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ զբաղվել S-400-ների համատեղ արտադրությամբ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման և համատեղ արտադրության վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին:
Ըստ թուրքական «Yeniakit» թեթրի կայքի՝ Չավուշօղլուն անդրադառնալով այն խոսակցությունների, թե Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության չեն հասել S-400 համատեղ արտադրության հարցում, ասել է.
«Մենք չգիտենք թե այդ հայտարարությունը ով է արել: Սկուզբունքորեն համաձայնության ենք հասել երկարաժամկետ և միջնաժամկետ համատեղ արտադրության հարցի շուրջ: Եթե ռուսները այդ հարցում մեզ հետ համաձայնության չհասնեն, մենք ուրիշ երկրի հետ կբանակցենք: Սակայն մեզ պաշտոնապես բացասական պատասխան չի եկել», -ասել է Չավուշօղլուն:
Վերջինը հավելել է, որ Թուրքիան այժմ ՀՕՊ համակարգերի կարիք ունի, որպեսզի կարողանա պաշտպանել իր օդային սահմանները: Եվ, այն պետությունները, որոնք Ռուսաստանի դեմ են տրամադրված և չեն ցանկանում, որ Թուրքիան ռուսներից գնի այդ համակարգերը, ապա թող Թուրքիային այլընտրանք առաջարկեն:
Չավուշօղլուի խոսքերով ցանկացած պետություն իրավունք ունի ապահովել իր անվտանգությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: