Դեպրեսիան և տագնապային խանգարումները տարածված հոգեկան խնդիրներ են, որոնք ազդում են աշխատունակության վրա
Հոգեկան առողջությունը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաև հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, որոշումներ կայացնելու և իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը: Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում զբաղեցրած դիրքից:
Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ 1992 թվականից յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:
Օրվա խորհուրդն է հանրության, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել հոգեկան առողջության խնդիրներին, ընդհանուր նպատակն է հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացումը և հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ջանքերի համախմբումը:
Այս տարի հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեման հոգեկան առողջությունն է աշխատանքի վայրում։
Հասուն կյանքի ընթացքում ժամանակի մեծ մասը մարդն անցկացնում է աշխատավայրում: Աշխատանքային մթնոլորտն ընդհանուր բարեկեցության կարևորագույն գործոններից մեկն է: Առողջ աշխատանքային միջավայր ապահովելու կարևոր տարրերից է մարդու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, որոնք հստակ ձևակերպված են ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՀՀ Սահմանադրությունում:
Դեպրեսիան և տագնապային խանգարումները տարածված հոգեկան խնդիրներ են, որոնք ազդում են աշխատունակության վրա: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 300 մլն մարդ տառապում է դեպրեսիայով, իսկ ավելի քան 260 մլն մարդ` տագնապային խանգարումներով, որոնք հաշմանդամության առաջատար պատճառներից են:
2017թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա է շուրջ 51167 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ, որոնցից 3826-ը` դեպրեսիվ տագնապային խառը խանգարումներով:
ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը` առաջնային, երկրորդային և երրորդային մակարդակներում: Նշենք, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բուժումն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։
Ներկայումս ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարվում են ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն հոգեկան առողջության պահպանմանը՝ մատուցվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծառայության որակի բարձրացմանը: