Ստվերը նահանջում է մեր երկրում. Վարդան Բոստանջյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասում է, որ թանկացումների համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ տարիներ շարունակ տնտեսական մրցակցություն ՀՀ-ում չի եղել, և այդ տատանումներն էլ հենց բերում են գնաճի:
Ինչ վերաբերում է Կառավարության ներդրումային քաղաքականությանը, ապա Վ. Բոստանջյանը նկատեց. «Ներդրումների ինստիտուտն այն է, երբ կապիտալը դնում ես գործունեությունն ընդարձակելու, ծավալելու, ֆիզիակական անձանց նկատմամբ վստահության հարցը տվյալ գործառույթի մեջ չի մտնում: Ցանկացած ներդրումային ակտիվությունն ուղղակորեն պայմանավորված է լինում նրանով, որ իմանա, որ ռիսկերը գրեթե զրոյի են հավասարվում, իսկ երբ դու տեսնում ես, որ ռիսկերի հավանակությունը մեծ է, արդեն ինչ խոսքեր էլ ու ինչ մակարդակում էլ լինի, չի աշխատելու»:
Միաժամանակ, Վարդան Բոստանջյանն ասաց, որ թեկուզև ներդրումային գործընթացները ֆրոնտային են, միանգամից չեն կարող երևալ: Henaran.am-ի հարցին, թե արդյոք ստվերի կրճատում նկատել է այս մեկ տարվա ընթացքում, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորն ասաց, թե ստվերի կրճատումը բոլոր պարագաներում չի կարող հավերժական գործընթաց լինել: «Ստվերը նահանջում է մեր երկրում, որքանով էլ պայմանավորված լինի մեկ անձով, սա պրոցես է, որը ժամանակի ընթացքում չէր կարող մնալ ու մեծանալ, որոշակի սահմանափակում կա ստվերային տնտեսության, բայց դեռևս այնքան փոքր է, որ նկատելի ազդեցություն չունի մեր երկրի քաղաքացիների վրա »: