24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարկային դաշտը լողացող է, դու երբեք չես կարող լինել անմեղ գործարար. դերասան

   Henaran.am-ի զրուցակիցն է դերասան Արթուր Բարսեղյանն,  ով հեռուստադիտողին առավել շատ ճանաչելի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» հեռուստասերիալից՝ Հակոբյանի կերպարով:

Արթուր, Դուք հանդիսատեսին հայտնի դարձաք հեռուստասերիալներից, հատկապես «Բանակում»-ից: Հիմա՞ էլ եք նկարահանվում:

– Հիմա, ժողովրդական լեզվով ասած, քիթ սրբելու ժամանակ չկա. գրաֆիկս հագեցած է բիզնես հանդիպումներով, ներմուծումներով: Այո, ճիշտ է՝ մինչ «Բանակում» հեռուստասերիալն էլի ֆիլմերում էի հանդես եկել, սակայն «Բանակումը» բերեց, կարելի է ասել, համահայկական ճանաչում: Ես զուգահեռ այդ ժամանակ աշխատում էի Պարոնյան թատրոնում, ու այդ ճանաչումը բավականին ակնհատ էր դառնում, երբ ներկայացումից հետո մոտենում, նկարվում, խոսում էին ինձ հետ՝ ոչ թե որպես ներկայացման հերոսի, այլ որպես «Բանակումի» Հակոբյանի: Ճիշտ է՝ երբեմն նեղվում էի, բայց միևնույն ժամանակ հասկանում, որ հեռուստատեսությունն ավելի մասշտաբային է հանդիսատեսի առումով, քան թատրոնը: «Բանակումից» հետո մի քանի տարի գրեթե ոչ մի նկարահանում չունեցա: Սկզբում ինքնակամ հրաժարվեցի բազում առաջարկներից, իսկ հետո արդեն չէի ցանկանում նկարվել` տեսնել սերիալային «գռդոնները»: Անցած տարի երկու ֆիլմում նկարվեցի, երկուսի ռեժիսորն էլ ինձ համար բացահայտում էր՝ տաղանդաշատ Արշալույս Հարությունյանն էր:

-Կպատմե՞ք ֆիլմերից:

– Մեկը ռուսական պրոյեկտ էր, նկարվեց հատուկ Ren tv հեռուստաալիքի համար (Հայրեր), ունեցավ միանգամից լայն ճանաչում ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Ֆիլմը բաղկացած է 12 սերիայից ու ոչ մի վայրկյան հանդիսատեսին բաց չի թողնում: Դերասանական կազմը ևս հոյակապ ընտրված է, սցենարը՝ լրիվ հոլիվուդյան: Մի խոսքով, բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման դիտել: Ինքս շատ պահանջկոտ հանդիսատես եմ, բայց չեմ վախենում և խորհուրդ եմ տալիս: Մյուս ֆիլմը «Շարմ հոլդինգի» հովանավորությամբ նկարահանվեց, բայց քանի որ բաղկացած է մի քանի պատմություններից, և բոլորն էլ նկարում են տարբեր ռեժիսորներ ,առայժմ վերջնական տեսքի չէ, սակայն սա էլ շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին: Վերջինը՝ մի փոքրիկ դերով հանդես եկա իմ վաղեմի ընկեր, «Բանակումի» ռեժիսոր, բավականին գրագետ աշխատող, կրթված Հայկ Կբեյանի նկարած բազմասերիաանոց «Ամուսնացածների լիգա» սիթքոմում:

«Բանակում»-ում Ձեր կերպարը բացասական էր: Որևէ կապ կա՞ այդ կերպարի հետ:

-Դժվար հարց էր: Բոլոր ինձ չճանաչողները ահավոր ատելություն են տածում իմ նկատմամբ: Իսկ նրանք, ովքեր ճանաչում են արդեն, հոգոցով ասում են, որ ախր ընդհանրապես կապ չունես, ո՞նց ես խաղացել այդ կերպարը:

Ի՞նչ տվեց Ձեզ այդ կերպարը:

-Կերպարն ինձ ուժեղացրեց. ինձ սարքեց երկու մարդուց մի մարդ, ծայրահեղ բացասականն ու դրականը միավորեց ու դարձա այն, ինչ տեսնում եք:

-Փաստորեն, հիմա ավելի շատ նաև բիզնեսով եք զբաղվում: Կբացե՞ք փակագծերը: Եվ արդյոք Հայաստանում բիզնեսի համար պայմաններ կա՞ն:

-Մենք վաղուց ունենք ընտանեկան բիզնես, այժմ խթանում եմ այդ բիզնեսի զարգացմանը: Ունենք հագուստի խանութ:

 Հայաստանում պայմաններ կան: Ուղակի ցավալին այն է, որ երբեք դու քո հարցերի պատասխանները կանխավ չես կարող իմանալ: Ես միայն ներվայնանում եմ հարկային ոլորտի տգիտությունից, առաջ այսպես չէր: Հարկային դաշտը հատուկ լողացող է սարքված, դու երբեք չես կարող լինել անմեղ գործարար: Բոլոր օրենքներն իրենց հերթին ունեն օրենքներ: Եթե մի բանում դու ճիշտ ես, ուրեմն այդ նույն օրենքի մյուս օրենքով ցմահ դու սխալ ես: Հայաստանում երիտասարդի արարքը խրախուսող ինստիտուտն է բացակայում: Դա է ցավալին:

Ի՞նչ հետաքրքրություններ ունեք աշխատանքից դուրս, ի՞նչով եք զբաղվում:

– Ամենակարևորն այն է, որ երբեք աշխատանքին չվերաբերվեմ որպես աշխատանք: Ես վախենում եմ դրանից: Ինքս աշխատում եմ հիմա նաև X ֆիրմայում՝ որպես մենեջեր, ու ես չեմ ուզում դա համարել աշխատանք: Գիտեք, երբ դու քո մասնագիտությամբ չես վաստակում ,դա ուղակի ահավոր մի երևույթ է, ու եթե դու մի պահ կանգ ես առնում, հարցնում ինքդ քեզ, թե դու ով ես ու ինչ ես անում, քիչ է մնում՝ կաթվածահար լինես:

Կցանկանամ՝ միայն որ մեր երկրում ամեն մարդ լինի իր տեղում: Մարդու սիրտ է խառնում, երբ հեռուստացուցի առջև հինգ րոպե նստում է: Իմ շատ սիրելի Հախվերդյանի երգերից հիշեցի, «Փոխվեցին կարծես թե հին տերերը, նորերը խաղում են հին տերեր»: Երբ նախարար փոխվեց, մի լույս սկսեցի տեսնել թունելի ծայրին, բայց կամաց կամաց այդ լույսը նորից մարեց:

Մի անգամ Ձեր հարցազրույցներում նման արտահայտություն եք արել, «Կսպասեմ որոշ ղեկավարներ լքեն իրենց զբաղեցրած պաշտոնները, կվերադառնամ բեմ»: Արդյոք լուծվե՞լ են խնդիրները:

– Լավն էր…)))) ես չեմ մոռացել այդ հարցազրույցը. ուղղակի ես կասեմ հիմա, որ բեմն իմ կարիքը երբ ունենա, ինքն ինձ կկանչի հետ: Արվեստում կեղտը ուռճացված է երևում ու շատ թափանցիկ է: Միայն պետք է խնդրել, էլի ցիտեմ Հախվերդյանին, որ շատերը իրենց կեղտոտ ձեռքերով ու ոտքերով դուրս գան այդ վճիտ ու մաքուր աշխարհից, որ կոչվում է արվեստ:

-Արթո՛ւր, վերջին հարցը, ինչպիսի՞ն եք ընտանիքում:

-Կցանկանայի բավականին ժամանակ տրամադրել ընտանիքիս: Ունեմ սիրող կին ու մի հրաշք մանուկ: Ես ունեմ իմ փոքրիկ անկյունը, որտեղ ես միշտ խաղաղ եմ:Ես տանը այն անկասելի փոթորիկից վերածվում եմ մեղեդային զեփյուռի: Սիրում եմ ընտանիքս, սիրում եմ այն, ինչը չսիրել անկարելի է…

 

Հարցազրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ