Ռետինե ծծակը կանխում է տղաների հուզական զարգացումը
ԱՄՆ-ի Մեդիսոն-Վիսկոնսին համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ռետինե ծծակը բացասաբար է անդրադառնում երեխայի հուզական զարգացման վրա: Նորածինները շրջակա միջավայրի հետ սովորում են փոխգործակցել նմանակման միջոցով` նրանք կրկնօրինակում են դեմքի արտահայտությունները, որոնք տեսնում են մեծահասակների մոտ: Պարզվում է, որ եթե տղա երեխաներին ծծակ են տալիս, այն խանգարում է այդ գործընթացին: Աղջիկ երեխաներին դա չի վերաբերում:
ԱՄԿ-ը եւ Ամերիկայի մանկաբույժների ակադեմիան նախկինում եւս զգուշացրել են ծծակների վնասի մասին եւ խորհուրդ տվել սահմանափակել դրանց կիրառումը: Նրանց խոսքով` ծծակից հրաժարվելը նպաստում է կրծքով կերակրմանը, բացի այդ , թույլ է տալիս խուսափել ատամնաշարի անոմալիայից եւ ականջի ինֆեկցիաների զարգացումից:
Հետազոտության հեղինակ Պաուլա Նիդենտալը ընդգծում է, որ նմանակումը աշխարհը ճանաչելու կարեւոր մեխանիզմ է, դրա միջոցով ենք մենք հասկանում` ինչ է զգում մարդը` զայրույթ, թե` ուրախություն: “Մենք խոսում ենք երեխաների հետ, իսկ նրանք չեն հասկանում մեր բառերը: Նրանք հասկանում են միայն մեր ինտոնացիան եւ դեմքի արտահայտությունը: Երբ ծծակը բերանում է, երեխան չի կարողանում վերարտադրել մեր դեմքի արտահայտությունը”,-նշում է Նիդենտալը: