Ազգային ժողովի կայքն ամենաթափանցիկն է. Ա. Մելիքյան

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի թափանցիկության մոնիտորինգ: Ուսումնասիրությունները սկսվել են այս տարվա մայիսի 1-ից:
Արդյունքները ”Հենարան” մամուլի ակումբում ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ուսումնասիրվել են 51 պետական մարմինների կայքեր, որոնք էլ պայմանականորեն բաժանվել են երեք խմբի:
“Առաջին երկու խմբերի համար վարկանիշային աղյուսակներ են կազմվել, երրորդ խմբի համար` ոչ: Առաջին խմբի մեջ են մտել նախարարությունների եւ կառավարությանն առնընթեր մարմինների, գերատեսչությունների 34 կայքեր:
Երկրորդ խմբում մարզերի կայքերն են: Եվ երրորդ խմբում ընդգրկվել է 7 կայք` ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի, դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը”,- նշեց բանախոսը:
Ըստ Մելիքյանի` առաջին խմբում ընդգրկված կայքերից առաջին տեղում է Միգրացիոն ծառայության կայքը, որը ուսումնասիրությունների առաջին փուլի հետ համեմատած` բարելավել է դիրքերը 19 տոկոսով:
Թափանցիկությամբ երկրորդ տեղում է տարածքային կառավարման նախարարությունը, որը, ըստ պարոն Մելիքյանի, վերջին երկու տարիների ընթացքում եղել է առաջատարը: Երրորդը արդարադատության նախարարության կայքն է:
“Ամենավերջին տեղում են հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կայքերը”,- ասաց նա:
Հայաստանում մարզպետարանների տեղեկատվական թափանցիկությամբ առաջին տեղում է Կոտայքի մարզը, երկրորդում` Լոռու, երրորդում՝ Գեղարքունիքի մարզը:
Վերջին տեղում Արագածոտնի մարզն է:
Երրորդ խմբում ամենաթափանցիկ կայքը, ըստ բանախոսի, Ազգային ժողովի կայքն է: Բավական թափանցիկ է նաեւ դատախազության կայքը:
Խոսելով կայքերում հաճախ հանդիպող թերություններից` Ա. Մելիքյանը նշեց, որ պետական մարմիններից շատերը չեն ներկայացնում, թե ինչպիսին է իրենց բյուջեն եւ ինչպես է այն ծախսվում: Չկան նաեւ գնումների մասին տեղեկություններ: