Պապիկս միշտ խոսում էր իմ հայրենիքի`Հայաստանի մասին․ Միշել Լեգրանը Հայաստանում է (ֆոտոշարք)
Այսօր ՀՀ անկախության 26-ամյակին և «Ծագումով հայեր» հաղոևդաշարի 10-ամյակին նվիրված համերգային միջոցառում էր կազմակերպվել Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Հիշեցնենք՝ այս միջոցառումը կազմակերպվել էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան օպերային և էստրադային երգիչներ՝ այդ թվում Հայաստան ժամանած հանրահայտ երգչուհի Ռոզի Արմենը։
Համերգին ներկա էին մի շարք ականավոր դեմքեր՝ այդ թվում աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել լեգրանը և լեգենդար դերասանուհի Օրնելլա Մուտին։
Մի անգամ իր հարցազրույցներից մեկի ընթացքում Լեգրանն ասել է․ «Ես մեկ քառորդով հայ եմ, քանի որ մորս հայրը հայ էր, բայց Հայաստանն իմ հայրենիքն է»։
Այսօր մարզահամերգային համալիրում, թեև Լեգրանի ժամանակը շատ սուղ էր, այդուամենայնիվ, ժամանակ հատկացրեց և շփվեց լրագրողների հետ։
«Պապիկս միշտ խոսում էր իմ հայրենիքի`Հայաստանի մասին եւ ես հիմա այստեղ եմ»,- նշեց Լեգրանը։
Լեգրանը երաժշտական փայլուն ձիրքը, հավանաբար, հայ պապիկից է ժառանգել, քանի որ նա ևս երաժիշտ է եղել։
«Պապիկս սազ եւ ուդ էր նվագում», – նշեց Լեգրանը:
Նա ընդգծեց՝ իր պապիկը միշտ պատմել է հայկական արմատների մասին, մայր հողի ու հարազատ գյուղի մասին։ Լեգրանը հիշեցրեց՝ պապիկի հետ ընդամենը տասը տարի է ապրել, բայց այդ ընթացքում նա հասցրել է շատ բան պատմել հայրենիքի մասին և սովորեցրել սիրել այն։