30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայաստանն ունի անհրաժեշտություն, որ ռուսաց լեզվի իմացությունը բարձր մակարդակի վրա լինի»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թեև լիովին ծանոթ չէ ռուսերենի խորացված դասավանդման նոր հայեցակարգին, բայց որքանով տեղյակ է մամուլից ու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գնահատականներից, ասում է, որ այն, ինչ կա, իրեն բավարարում է: «Կարծում եմ՝ նախ մենք պետք է փաստենք, որ Հայաստանում միակ պետական պաշտոնական լեզուն հայերենն է, որևէ այլ լեզու պետական կարգավիճակ չի կարող ունենալ։ Բացի այդ, այս հայեցակարգի մշակումը որևէ կապ չունի ռուսաց լեզվին՝ պետական երկրորդ լեզվի կարգավիճակ հաղորդելը։ Սա այն է, ինչ ես հասկացել եմ համապատասխան նախարարության ղեկավարի հայտարարությունից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը։

Վերջինս ընդգծեց՝ այո, մենք կարիք ունենք բոլոր օտար լեզուների,  ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, զարգացմանը, քանի որ 21-րդ դարի պահանջները այլ են։ «Եթե քաղաքականության մեջ մի ժամանակ հայոց լեզվին և ռուսաց լեզվին տիրապետելը բավարար էր, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո գաղտնիք չէ, որ ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը փոքր-ինչ իջավ։ Այսօր Հայաստանը ունի նման անհրաժեշտություն, որպեսզի ռուսաց լեզվի իմացությունը բարձր մակարդակի վրա լինի. ա/ Հայաստանը նույն պաշտպանական, անվտանգային համակարգի մեջ է Ռուսաստանի հետ, այդ համակարգում ռուսերենն աշխատանքային լեզուն է, մեր անվտանգային կառույցների ապագա սաները գնում են, վերապատրաստվում են Ռուսաստանում, մենք մտել ենք ԵԱՏՄ, և այո, ռուսերենի մակարդակը պետք է շատ բարձր լինի։ Էլ չեմ ասում, որ գիտական գրականության մեջ, այո, շատ է այն գրականությունը, որը գրված է ռուսերեն։

Եթե իսկապես, ամեն ինչ այնպես է, ինչպես ասում է նախարարը, որ պետական լեզվին ոչինչ չի սպառնում, ապա այս աղմուկը և այս գնահատականները ես չեմ կիսում։

Մյուս կողմից, ես բնական եմ համարում, որ եթե Աստված մի արասցե, նման խնդիր է դրվել, որ պետական լեզու լինի ռուսերենը, բնականաբար, այլ կարծիք կլինի։ Բայց ես կարդացի, որ մեր հարգարժան հասարակական գործիչներից մեկն ասել էր՝ ինչո՞ւ ոչ պարսկերեն, ինչո՞ւ ոչ վրացերեն, այլ ռուսերեն։ Որովհետև շատ մեծ հարգանք ունենալով պարսկական ու վրացական մշակույթների հանդեպ, շատ բարձր դասելով հայ-պարսկական և հայ-վրացական հարաբերությունները՝ օբյեկտիվորեն ՀՀ տնտեսության, անվտանգության, հայ ժողովրդի համար դրա կարիքը չկա»,-շեշտեց ԱԺ փոխխոսնակը:

Է. Շարմազանովն ընդգծեց՝ Վրաստանն ու Հայաստանը հարևան երկրներ են, բայց ո՛չ հայերը վրացերեն գիտեն, ո՛չ էլ վրացիք՝ հայերեն։ «Այս շրջանում ժողովրդի հաղորդակցության լեզուն ռուսերենն է։ Հենց այստեղ ապրող բոլոր մարդիկ՝ մեծից փոքր, զգում են ռուսաց լեզվի մակարդակի բարձրացման կարիքը։ Ինչո՞ւ ենք վախենում ռուսերենի մակարդակի բարձրացումից։ Այո, մեր դաշնակիցն է, մեր տնտեսության վրա իրենց ազդեցությունը մեծ է, ԵԱՏՄ անդամ երկիր ենք, մեր սպաներն այնտեղ են սովորում, նաև ռուսերենը միջպետական շփման լեզու է։ Հայն ու ղազախը, հայն ու բելառուսը, հայն ու վրացին մեծ ցանկության դեպքում անգամ իրար հետ անգլերեն չեն շփվում։ Ես շատ կիրառական եմ ասում և կարծում եմ՝ մեր դպրոցներում ռուսաց լեզվի մակարդակի բարձրացման կարիք կա»,-հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ չի կարծում, թե Կառավարությունը վտանգավոր բան կառաջարկեր կամ էլ Լևոն Մկրտչյանը, իսկ ՀՅԴ-ական Կիրո Մանոյանն էլ դա չէր պաշտպանի։ «Ես ուզում եմ, որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա, հստակ նշել՝ Հայաստանում որևէ լեզվի պետական կարգավիճակ տալու խնդիր դրված չէ։ Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է։ Միաժամանակ  գտնում եմ, որ ռուսերենի կիրառական նշանակությունը շատ մեծ է, և անհրաժեշտություն կա, որ ռուսերենը մեր դպրոցներում և բուհերում ավելի բարձր մակարդակի վրա դրվի»,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ