Շատ դժվար է
Հոկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային Ժողովում ասաց, որ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը բացասական ազդեցություն է թողել տնտեսական աճի վրա: Նշենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն կարճաժամկետ վարկեր է տալիս առևտրային բակերին:
Երբ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում է՝ առևտրային բանկերի վարկերի տոկոսադրույքները նույնպես կարող են բարձրանալ: Այդ կերպ ԿԲ-ն պայքարում է գնաճի դեմ: Սակայն ”թանկ” վարկերը հարվածում են տնտեսական ակտիվությանը՝ դա էլ նկատի ունեցավ վարչապետը:
Մյուս կողմից՝ ԿԲ-ն կառավարությունից անկախ է, պարտավոր չէ վարչապետի հայտարարությունները “հալած յուղի” տեղ ընդունել: Բայց վարչապետի հայտարարության հետևանքները երկար սպասեցնել չտվեցին՝ նոյեմբերի 12-ին ԿԲ-ն որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը հետ բերել իր նախկին մակարդակին՝ 8% (նվազեցվեց 0,5 տոկոսով):
Մինչ այդ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր օգոստոսին, երբ գնաճը գերազանցեց 9%-ը: Ու հույս էլ չկա, որ առաջիկա ամիսներին գնաճը կնորմալանա: Կառավարությունը նույնիսկ բյուջեի նախագծում ենթադրել է, որ գնաճը մինչև հաջորդ տարվա կեսերը կմնա բարձր:
Բայց արդեն սեպտեմբերի դրությամբ ունենք ամենացածր տնտեսական աճը վերջին տարիներին՝ ընդամենը 3,2%: Իսկ թանկ վարկերով տնտեսությունը տեղից շարժելը շատ դժվար է: Դա է պատճառը, որ ԿԲ-ն ընկրկում է կառավարության ճնշումների առջև՝ նվազեցնելով վարկի տոկոսադրույքը: