Զարմանալի չի լինի, եթե «Ծառուկյան» դաշինքը վերադառնա կոալիցիա. Մանե Թանդիլյան
«Թե՛ հոգեբանորեն, թե՛ ռեսուրսներով «Ելքը» միշտ պատրաստ է եղել առաջնորդելու մեր ազգաբնակչության ընդդիմադիր այն զագվածին, ովքեր Հայաստանում իսկական փոփոխություններ են ուզում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք «Ելքը» պատրաստ է լինել միակ ընդդիմադիր ուժը խորհրդարանում և հիմնական ընդդիմությունն ընդհանրապես դաշտում, եթե «Ծառուկյան» դաշինքը վերադառնա կոալիցիա:
Այդ փոփոխությունները, պատգամավորի խոսքով, պետք է գան իրենց իսկ միջոցով՝ հռետորաբանությամբ, վարքով, հանրության հետ շփման միջոցով: «Այո, այսօր Ազգային ժողովում, ըստ էության, «Ելքն» արտահայտում է բազմաթիվ ընդդիմադիր քաղաքացիների կարծիք և տեսակ, և այս առումով ես կարծում եմ, որ «Ելքը» դրան միշտ պատրաստ է»:
Հիշեցնենք, որ և՛ իշխանությունը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը, և՛ իշխանության նախկինում մաս կազմող, իսկ հիմա ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը չեն բացառում կոալիցիան, պայմանը դաշինքի 15 կետերի ընդունումն է, ապա և կարող են քննարկել կոալիցիայի հարցը:
Հարցին, թե զարմանալի չի լինի նման քայլը, քանի որ ամեն դեպքում խոսքը ընդդիմադիր դաշինքի մասին է, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Զարմանալի չի լինի: Մենք տարբեր սցենարներ ենք դիտարկել, այդ սցենարը դրանցից մեկն է, ինչո՞ւ, որովհետև դա, ըստ էության, քաղաքական գործընթաց է: Մի բան, որ ես կարող եմ ասել, դա այն է, որ «Ելք» դաշինքը շարունակելու է արտահայտել Հայաստանում փոփոխություն ցանկացող ընդդիմադիր քաղաքացիների տեսակետը, կարծիքը և պահպանելու իրենց ներկայացվածությունն Ազգային ժողովում: Իսկ մնացած սցենարները մեզ համար տեսանելի են, պատկերացնելի են»:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ նախորդ նստաշրջանին տեսան, որ սկզբունքային հարցերի շուրջ երկու խմբակցություններն այդքան էլ միահամուռ չեն եղել, հիմա դեռևս դրա անհրաժեշտությունը չի եղել, սակայն կլինի, քանի որ շուտով քննարկան է դրվելու «Ելքի» առաջարկած՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը: «Մեզ համար դա քաղաքական ուղեգիծ է, և մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքական զարգացման այլ ուղղություն: Այս դաշինքի մեր գործընկերները ժամանակին կողմ են քվեարկել, բայց մեր կոչն այն է, որ եկեք, վերլուծենք, տեսնենք՝ Հայաստանի համար որքանով էր այս 3 տարին նպատակահարմար, և արդյոք համոզիչ չէ այլևս այն, որ պետք է կանգ առնել այստեղ:
Մեզ համար ի սկզբանե դա պարզ է եղել, և եթե մեր ներկայացրած փաստարկներից հետո էլ մեր գործընկերներն այլ ճանապարհ ընտրեն, դա կապացուցի, որ նրանք չունեն այլ տեսլական, քան իշխանական տեսլականն է և կարող են համագործակցել տարբեր ֆորմատներում, այդ թվում և կոալիցիայում»,-եզրափակեց Մանե Թանդիլյանը: