Այս երկիրը չի կարող ամեն անգամ ոտքերը չռել ու Վանո ծնել /վիդեո/
Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Henaran.am-ը փորձեց “Ելք” շարժման նախաձեռնող, լրագրող եւ կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանից պարզել, թե ինչ արդյունք տվեց Վանո Սիրադեղյանի համար նախաձեռնած ստորագրահավաքը:
Նախ տիկին Սիմոնյանը կոչ արեց հետեւել թե սոցիալական կայքերում ինչպես են հազարավոր մարդիկ ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում մեծատաղանդ գրողին, մեր պետության հիմնադիր պետական գործիչներից մեկին: “Սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ Վանո Սիրադեղյանը պահանջված գործիչ է եւ Հայրենիքը դատարկ է առանց Վանոյի։Այսօր ով որտեղ լինի, թող բարձրացնի նրա կենացը, այս երկիրը չի կարող ամեն անգամ ոտքերը չռել ու Վանո ծնել”,-ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա Վ. Սիմոնյանը ներկայացրեց կետերով:
“Այս շարժումը ցույց տվեց.
1.Որ Հայաստանում, այնուամենայնիվ, կա մտավոր ընտրախավ, որին ոչ մի կերպ թափոն ու ջարդոն չես սարքի, որը չվախեցավ կանգնել Վանո Սիրադեղյանի պաշտպանության շարժման առաջին գծում։Դատապարտված է այն երկիրը, ուր չկա մտավոր այդ ընտրախավը՝ հասարակության խղճի ու մտքի հավաքականությունը, եւ այս շարժումը մեզ ուղերձ ուղարկեց, որ մեր ողնաշարը դեռ պինդ է։Եվ ուրեմն կարող ենք վստահ լինել, որ մեզ հնարավոր չէ վերածել մսակույտի եւ մեր Հայրենիքը՝ ավերակի։
2.Որ Հայաստանում կա առողջ ու անվախ երիտասարդություն, որովհետեւ ստորագրողների կեսից ավելին երիտասարդությունն էր։Երիտասարդ ստեղծագործ միտքը, ուսանողությունը, երիտասարդ գիտնականները միահամուռ միացան մեր նախաձեռնությանը։ Սա երաշխիք է, որ մեր այսօրվա թույլ ու տկար համակարգերի ու ինստիտուտների դռների դիմաց կանգնած է նոր մտածողությամբ խիզախ երիտասարդություն, ովքեր վաղը խուժելու են այդ տարածքներ եւ մաքրելու են այս հոգնած տարածքները, սրբելու են նրա վրայից հայհայը գնացած ու վայվայը մնացած արարածներից։
3.Վանո Սիրադեղյանը մեր ժամանակի ամենամեծ գրողն է, եւ այս շարժումը եւս մեկ անգամ բոլորին հիշեցրեց այս մասին.նրա գործերը մեկը մեկի ետեւից թվայնացվեցին, հազարավորները նրա հետ հաղորդվելու հնարավորություն ստացան, մեդիան լցվեց նրա մասին հրապարակումներով, որոնք ամենառեյտինգային նյութերը դարձան օրվա լրահոսում։ Հազարավոր երիտասարդներ հայտաբերեցին Վանո Սիրադեղյան գրողին, շփվեցին բարձր գրականության հետ, որ վաղը արժեհամակարգ, ճաշակ է դառնալու եւ ապրելու է քաղաքում, իջնելու է փողոց եւ իրենով լցնելու մեր քաղաքի օդը։
4.Հասարակությունը ձեւակերպեց իր անվստահությունը երկրի արդարադատության նկատմամբ՝ մեսիջ ուղարկելով օրվա իշխանությանը, որ ինքը չի վստահում Վանո Սիրադեղյանի քրեական փաթեթին։Ավելին՝ այն համարում է քաղաքական փաթեթ, որի տակից հնարավոր չէ դուրս գալ իրավական գործիքներով։ Սա ահազանգ էր, որովհետեւ եթե հասարակությունը չի վստահում իր երկրի արդարադատությանը, ուրեմն այդ երկիրն ուղղակի առաջ շարժվելու հնարավորություն չունի։
5. Քաղաքական համակարգը ադեկվատ չէ հանրային սպասումներին.հանրային միտքն առաջ է ընկել քաղաքական կուսակցություններից, որովհետեւ այդ կուսակցությունները չեն կարողանում սպասարկել հանրային ձեվակերպված պատվերը. Ընդամենը մեկ քաղաքական կառույց՝ ”Ազատ դեմոկրատներ” կուսակցությունն ընդառաջ եկավ այս շարժմանը։
Այսպիսով, Վանո Սիրադեղյանի շուրջ ծավալված իրադարձությունները երեւակեցին, որ մեր կուսակցությունները զբաղված են ինչով ասես, միայն ոչ հանրային մտահոգություններին հետամուտ լինելով եւ լուծումներ փնտրելով։
6.Որքան էլ մենք դժգոհենք մեր ԶԼՄ-ների այսօրվա որակից, չենք կարող չարձանագրել, որ այս շարժումը հենց նրանք առաջ բերեցին եւ պաշտպանեցին.Հայաստանում չգտնվեց որեւէ հայտնի լրագրող կամ խմբագիր, ով չմիացավ ստորագրահավաքին։ Այսպիսով, մեր չորրորդ իշխանությունը ցույց տվեց, որ նա զուտ իրադարձությունների ետեւից քարշ եկողը չէ, այլ իրադարձություն ստեղծողն ու քաղաքական օրակարգ ներմուծողը։
7. Գործող քաղաքական գործիչներից դժվարանում եմ տալ մեկի անունը, ով Վանո Սիրադեղյանի վարկանիշի կեսն ունենա։Այսօր առանձին գործիչներ, տարբեր հարթակներում տալով նրա անունը, փորձում են հանրային վստահության քվե կորզել, հերոսանալ, այն դեպքում երբ մի երկու տարի առաջ ռիսկ չէին անի նրա անունը տալ անգամ մտերիմների շրջապատում։
Սա ստորագրահավաքի կազմակերպիչների գրագետ ու հետեւողական աշխատանքի արդյունք է, որ Վանո Սիրադեղյանի անունը տալն արդեն նույնիսկ դիվիդենտ է դարձել առանձինների համար։Մենք իհարկե, սա չենք ողջունում, ընդամենն արձանագրում ենք։
8.Տեղեկություններ ունենք, որ իշխանական կուլիսներում այս խնդիրը բավականին ակտիվ քննարկվում է եւ ավելի քան վստահ ենք, որ այն ստանալու է իր արդարացի լուծումը։Մենք երբեք այս ստորագրությունները, մեր երկրի մտավոր ընտրախավի ձայնը չենք հանելու մեր պետության դեմ՝ ընկնելով տարբեր միջազգային դռներ. Մենք ձայն ենք բարձրացրել հանուն արդարության եւ հավատում ենք, որ այն հաղթելու է”։
Հ.Գ. Ներկայացնում ենք Վանոյի Սիրադեղյանի սիրած երգը՝ իր եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի կատարմամբ: