Մայրաքաղաքում երեկոյան ժամերին ակտիվ դեգերումների մեջ են լինում ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներ
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»հարցն է քննարկվում խորհրդարանում:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ խոսքը արտասահմանից ՀՀ մուտք գործող քաղաքացիներին է վերաբերում, ովքեր ՀՀ մտնելուց առաջ պիտի պարտադիր ստուգվեին, նոր մտնեին երկիր: Օրենքն ընդունվել է 1997 թվականին, սակայն ոչ մի դեպք չի արձանագրվել՝ փոխնախարարի ներկայացմամբ: «Փորձը ցույց է տվել, որ նման մեթոդով այս հիվանդության դեմ պայքարելն անարդյունավետ է»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ մայրաքաղաքում երեկոյան ժամերին ակտիվ դեգերումների մեջ են լինում ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներ, որոնց ներքին ցանկություններն ու հավակնությունները լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս: «Փոխանակ նման կարևոր հարցերի վերաբերյալ մենք նախագծեր մշակենք, ընկել ենք նրանց մուտքը արգելելուն կամ թույլատրելուն»,-նկատեց նա:
Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ սա ազգային շահերից է բխում. «Հարց է առաջանում, թե ինչու մեխանիզմներ չեն մշակվում, որ այսօր Հայաստան մուտք գործող ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկները կարողանան զսպաշապիկ հագնել և իրենց հավակնությունները չբավարարեն մեր երիտասարդ աղջիկների արժանապատվության հաշվին»: