Ռեժիսոր Վահե Գևորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու
Ռեժիսոր Վահե Գևորգյանցը, ով 2003 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ առաջադրելու է իր թեկնածությունը Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում։
Հայտարարությունում ասվում է.
«Կինեմատոգրաֆիստների միության հարգարժան անդամներ, հարգելի կինոսերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն: Անչափ սիրելով կինոն, արժևորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման գործում, մեծ ցանկություն ունենալով նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում, ես որոշում եմ կայացրել առաջադրվել որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու: Ունեմ միության բնականոն գործունեության և զարգացման հստակ ծրագրեր, կամք, համախոհներ և վստահ եմ, որ կարող եմ իրականացնել մշակված և միության կողմից հավանության արժանացած իրական ծրագրերը:
Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր և կայացած կինոգործիչներ են և արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի, ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Վստահեցնում եմ նաև, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատոգրաֆիստների միությունում ի շահ հայկական կինոյի և միության բոլոր անդամների»: