Վայ մեր հասարակությանը
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հերքել է իր և իր տեղակալ Հունան Պողոսյանի կողմից Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին լուրերը:
“Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել”,-հայտարարել է Գասպարյանը՝ շարունակելով. “Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է”:
“Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն”, – ասել է ոստիկանապետը:
Գնահատելով կատարվածը` Վլադիմիր Գասպարյանն ասել է. “Քրեական հանցագործություն է, ոչ մի քաղաքական բան: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Եթե մեր հասարակությունը հիվանդ է այն աստիճան, որ Շանթի դատարկախոսությունները և այս մի քանի քրեական տարրերի արած գործողությունները հեղափոխություն է որակում, վայ մեր հասարակությանը”:
Ոստիկանապետի խոսքով, միջադեպի հետևանքով, բացի իրավապահներից, ոչ ոք չի տուժել: Նա նաև չի բացառել, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ: