«Բա հո ազգի դավաճանն ու բարբըսնակը մենք չէինք». Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ Գյումրու ավագանու սեպտեմբերի 12-ին կայանալիք երրորդ նստաշրջանից առաջ բոյկոտը դադարեցնելու որոշում Է կայացնելու նաեւ ԲՀԿ-ն։ Շիրակի ԲՀԿ մարզային կառույցի թերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ ԲՀԿ ավագանու անդամները ներկա են լինելու ավագանու առաջիկա նիստին։ Հարցին, թե արդյոք «ԳԱԼԱ»–ի որոշումը դեր խաղաց, ԲՀԿ անդամը չհերքեց.
«Բա հո ազգի դավաճանն ու բարբըսնակը մենք չէինք, վերջը հասկացան, որ դա էլ ելք չէ, հիմա մնում է մասնակցեն-տեսնեն, թե ինչ կարող են փոխել»։ Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների հետ չհաջողվեց կապ հաստատել, հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ էլիզբարյանի հետ։ «Գյումրու ավագանու նիստին դեռ ժամանակ կա։ Կուսակցությունում քննարկում կլինի, որից հետո միայն որոշումը կներկայացնենք հանրությանը»,- պատասխանեց մամուլի խոսնակը։
Նշենք, որ շաբաթներ առաջ բոյկոտը դադարեցրեց նաեւ «ԳԱԼԱ» կուսակցությունը՝ հայտարարելով, որ պատրաստվում են մասնակցել առաջիկա նիստին։ «ԳԱԼԱ»–ն մասնակցելու է եւ իր պահանջներն է ներկայացնելու։ Կուսակցությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը հայտարարում է մրցույթ՝ խմբակցության ֆինանսական գծով փորձագետի աշխատանքի համար՝ պայմանագրային հիմունքներով։
Աշխատանքային եւ մասնագիտական փորձը պարտադիր է։ Աշխատավարձը՝ 80.640 դրամ (եկամտահարկը ներառյալ՝ 108.000)։ Վճարման աղբյուրը՝ Գյումրու քաղաքապետարանի բյուջե»։ Անդրադառնալով ՀՎԿ-ին՝ հիշեցնենք, որ նրանք բոյկոտը դադարեցրել էին մոտ երեք ամիս առաջ, երբ մասնակցեցին երկրորդ նստաշրջանի վերջին նիստին։ Այսպիսով, եթե ԲՀԿ-ն նույնպես մասնակցի առաջիկա նիստին, ինչպես սպասվում է, Գյումրու ավագանու կազմը համալրված կլինի։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ոչ միայն քվորում ապահովելու խնդիր չի ունենա, այլեւ հաղթանակած դուրս կգա ընդդիմադիր դաշտի հետ պայքարում։
Օրվա ուշագրավ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: