Երկու տարի է ամուսնալուծված են. Շանթի կնոջ մեկնաբանությունը
-Շանթ Հարությունյանը դեռ փաստաբան չունի, բնավորությանը ծանոթ լինելով` կարող եմ ասել՝ չի էլ ունենալու:Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Ցեղակրոն” կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը:
Ներկայացնում ենք Շանթ Հարությունյանի կնոջ հետ Henaran.am-ի հարցազրույցը:
–Ռուզան, ինչ ես կարծում, Շանթի երեկվա պահվածքը զգացմունքային էր, պահի տակ ընդունած որոշո՞ւմ էր:
-Ասեմ, որ մենք մոտ երկու տարի է , ինչ ամուսնալուծված ենք: Մեր ամուսնությունը փաստացի բնույթ էր կրում, ԶԱԳՍ չէինք մտել: Բայց չի փոխվել իմ վերաբերմունքը նրա նկատմամբ ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ էլ որպես մեծ գաղափարների կրող:
Մարտի 1-ի դեպքերից հետո նա վստահ էր, որ Հայաստանում ոչինչ հնարավոր չի փոխել, բայց դեռ հավատում էր: Չուներ մտադրություն իշխանությունը զավթելու, ուղղակի ուզում էր փոխել մի բան: Նրա կյանքի իմաստը երկիրը նորմալ երկիր դարձնելն էր:
Տեսնելով որ մարդիկ ընդդիմություններ են խաղում, ժողովրդին հավաքում են, ծեծկռտուք սարքում, թողնում միայնակ, եւ նման շատ բաներով հիասթափեցնում ժողովրդին` ինքը որոշեց դա անել: Գտնելով, որ ընտրություններով հնարավոր չէ փոխել իշխանությունը, նա որոշեց հեղափոխություն անել…
-Բայց բռնությա՞մբ…
-Կներեք, վերջացնեմ խոսքս: Շանթը բռնկուն է, միգուցե բորբոքված է խոսում, բայց էն գաղափարները, որ Շանթն է կրում, մեր ժողովրդի 5 տոկոսը ունենար, հաստատ էս երկրում մի բան կփոխվեր:
Եթե մի երկրում ասում են գիժ է էն մարդը, որ կրում է ազատության, արդարության, հավասարության, եղբայրության արժեքները իր մեջ եւ փորձում է սերմանել ժողովորդին, ապա կներեք, էդ ժողովրդի 95 տոկոսն է գիժ, ոչ թե ինքը: Ժողովուրդը ադեկվատ չի իրավիճակին: Եթե մարդը էս երկրում իրեն նորմալ է զգում, ուրեմն ինքն է աննորմալ, ոչ թե Շանթը:
-Բայց, փաստորեն, երեկ ինքը հրահրեց չէ՞…
-Ես այնտեղ չեմ եղել, քիչ եմ ժամանակ ունեցել հետւելու հրապարակումներին, բայց Ազատության հրապարակում նստացույց անելուց անընդհատ ասում էր, որ մասսաներին հավաքելու է եւ խաղաղ ճանապարհով է հասնելու իշխանափոխություն: Բայց հայտարարում էր, եթե իշխանությունը բռնություն կիրառի, ինքն էլ է անելու:
Ես էնտեղ չեմ եղել, տղաս է պատմել, ոստիկանները փորձել են մոտենալ ցրել երթը, որը դեռ չէր սկսել: Համաձայնության եկան Օսիպյանի /Երեւանի փոխոստիկանապետ-հեղ./, հետ, որ երթը խաղաղ է լինելու, բայց սադրանքների ենթարկեցին, գիտեք դա ոնց է լինում:
Մի բան ասեմ, հնարավոր չէ, որ մարդը մի տղա ունենանա եւ կրակի բույնը տանի: Ինչքան էլ Շանթը խենթ լինի, 14 տարեկան տղային չէր տանի այդտեղ: Շանթի խենթությունը նորմալ է, նա առողջ դատողություն ունի: Որդիս էլ է բազմաթիվ հարվածներ ստացել, եթե Շանթը իմանար ընդհարում է լինելու, որդուն տուն կուղարկեր:
Շանթին ճանաչելով՝ վստահ եմ, նա բռնության կոչ չէր անի: Մի՞գուցե ժողովրդի մեջ վախը կոտրելու համար ասեց, գո՞ւցե նաեւ ասաց` ապացուցելու, որ իր շարժումը հզոր է: Չէ որ ժողովուրդը վախեցած է: Ես համաձայն չեմ այն ամենի հետ, որ վերագրում են Շանթին:
-Ռուզան, իսկ չէիք փորձո՞ւմ արգելել Ձեր որդուն Ազատության հարապարակ գնալ
– Ես չէի ուզում, ճիշտն ասած, բայց նա ներշնչված է հոր գաղափարներով: Մեկ-երկու ժամով էր գնում, դասերից հետո: Հայրը երեկ ասել էր, որ վերջին օրն է, երթին մասնակցի եւ հետո պիտի այլեւս չգնար: Բայց տեսաք ինչ եղավ:
– Շանթին հարցաքննե՞լ են :
-Չգիտեմ, սնունդ տարանք, ես իրան չհանդիպեցի: Ինձ հարցաքննեցին, տունս խուզարկեցին: Չնայած բաժանվել էինք, բայց մեկ-մեկ մեր տանն էր մնում, ինքը առանձին էր ապրում՝ մենակ, քրոջ տանը: Խուզարկեցին, բայց պայթուցիկ, փամփուշտներ չգտան, չէին էլ կարող գտնել:
-Իսկ քրոջ տունը խուզարկե՞լ են:
-Տեղյակ չեմ, իմ մոտ բանալի չկա, ես այնտեղ չեմ էլ եղել երբեւիցե: Բայց համոզված եմ, այնտեղ էլ ոչինչ չեն գտնի բացի քնապարկերից թերեւս:
Լուսանկարի որակի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը: