ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը կարևորել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 21-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
Արա Բաբլոյանը նշել է, որ կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, որոնք վերաբերում են մասնավորապես երեխաների հիմնախնդիրներին, շարունակական կլինեն և կնպաստեն երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությանը:
Տանյա Ռադոչայը կարևորել է վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը, որը միտված է պաշտպանելու երեխաների` ընտանեկան միջավայրում մեծանալու և որակյալ կրթություն ստանալու իրավունքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել արատներով ծնված երեխաների խնդիրներին, որդեգրման ու խնամակալության հարցերին, խոցելի եւ ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության հարցում առկա բացերին:
Արա Բաբլոյանն ու Տանյա Ռադոչայը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Ոլորտի վիճահարույց հարցերը վեր հանելու նպատակով ընդլայնված քննարկումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: