ԱՄՆ դեսպանը ակնկալիքներ ունի Արփինե Հովհաննիսյանի հետ համագործակցությունից
Միասին մենք կամրապնդենք ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ խորհրդարանական կապերը եւ կձեւավորենք համագործակցության նոր հնարավորություններ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը: Ազգային ժողովի փոխնախագահը խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք իրացման հարցում բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը եւ ընդգծել երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը, փոխայցերի ակտիվացումը: Արփինե Հովհաննիսյանն արժեւորել է Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ բարեփոխումների իրականացմանը:
Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու եւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը ղեկավարելու կապակցությամբ: Դեսպանը բարձր է գնահատել Արփինե Հովհաննիսյանի անձնական ներդրումն ու ջանքերը երկկողմ հարաբերությունների առավել խորացման հարցում եւ համոզմունք է հայտնել, որ համագործակցությունն օրենսդիր մարմնում կլինի նույնքան արդյունավետ, որքան գործադիրում է եղել:
«Մեր պետությունների բարեկամությունն ու գործընկերությունը տեւական է, ամուր ու բազմաշերտ: Մենք ակնկալում ենք շարունակել մեր գործակցությունը խորհրդարանական բարեկամության խմբի հետ՝ Ձեր հմուտ ղեկավարությամբ: Միասին մենք կամրապնդենք ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ խորհրդարանական կապերը եւ կձեւավորենք համագործակցության նոր հնարավորություններ»,- նշել է Ռիչարդ Միլսը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկու երկրների բարեկամական խմբերի առաջիկա համագործակցությանը եւ համատեղ օրակարգերի ձեւավորմանը վերաբերող հարցեր: