«Թող ոչ մեկը իրեն ապահով չզգա»
Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ոստիկանության ՊՊԾ գունդը: 40 անձի նկատմամբ հարուցված քրեական գործերը հասել և քննվում են դատարաններում, ևս 20-ը սպասում են նախաքննության ավարտին:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այս առնչությամբ Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ, ցավոք, մարդիկ տեսան՝ լեգալ ճանապարհով որևէ բան փոխել չի լինում այս երկրում, հետևապես պետք է պարտադրանքի ու բռնության մեթոդների դիմել, քանի որ մյուս մեթոդները ուղղակի չէին աշխատում: Դրա փաստարկն այն էր, որ նրանք պնդում էին՝ իշխանությունները տարիներ ի վեր բռնության ու խաբեության են դիմել, մնում է՝ նույն լեզվով խոսել ու կանգնեցնել նրանց. ասվածի մեջ, ցավոք, հստակ փաստարկներ կային»:
Քաղաքագետը շեշտեց՝ ցավալի է, բայց իշխանությունները ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո անգամ դասեր չքաղեցին:
«Այո, այդ դեպքերից, մեծ հաշվով, չշահեց ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ իշխանությունները դաս առան: Մի բան էլ. այդ վտանգը չեզոքացված չէ. հասարակությունը չի վստահում այս իշխանություններին, այս իշխանթյունները հասարակական շահը չեն արտահայտում: Ոչ լեգիտիմ ընտրությունները հաջորդեցին միմյանց. քաղաքական դաշտը դեֆորմացիայի է ենթարկվել: Մարդիկ էլ իրենց օտարված են զգում քաղաքականությունից: Վտանգներով հղի իրավիճակի առաջ ենք կանգնած հիմա: Թող ոչ մեկը իրեն ապահով չզգա, չմտածի՝ ապահովագրված է վտանգներից», – նշեց քաղաքագետը: