Մինչև 2025թ-ը միասնական արժույթի անցնելու մասին խոսք լինել չի կարող
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկմանը հետաքրքրվեց, թե արդյոք ԿԲ-ն վերլուծել է, թե ՀՀ անդամագրությունը ԵԱՏՄ-ին ինչպիսի ազդեցություններ է գործել մեր տնտեսության ու ֆինանսական միջոցերի վրա: Ապա ևս մեկ հարց ուղղեց. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեսնո՞ւմ եք որևէ պոտենցիալ, որ այնտեղ միասնական դրամական միավոր ներդրվի, և ՀՀ-ն միանա դրան: Այսինքն՝ ստեղծվի օրինակ ռուբլու արժույթ»:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ այս մասին շատ քննարկումներ են եղել, որոշում կա, որ մինչև 2025 թվականը դրա մասին չեն էլ խոսելու, այդ հարցը չի քննարկվելու: «Դրանից հետո պիտի նայենք այն իրավիճակը, որում կգտնվեն ԵԱՏՄ պետությունները, ապա կսկսենք քննարկել: Այս պահին ոչ թե պատրաստ չենք, այլ մոտ ապագայում՝ 15-20 տարվա կտրվածքով, այդ մասին խոսել պետք չէ: Այդպիսի բան այս պահին չկա, փաստաթուղթ էլ ենք ստորագրել, որ մինչև 2025 թվական հարցն այդ մասին հանվում է»:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի ազդեցությանը, ԿԲ նախագահի ժամանակը չբավականացրեց, որպեսզի շատ ցուցանիշներ ներկայացնի, միայն հայտնեց, որ մաքսային խնդիրները վերացել են, Ռուսաստանի քաղաքացիները ներկայումս հնավարություն ունեն ռուսական անձանագրով այցելել Հայաստան, ինչի արդյունքում 30 տոկոսով աճ կա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց պաշտոնական տեղեկատվություն առ այն, որ միայն այս տարվա ընթացքում 53 տոկոսով արտահանման ծավալներն ավելացել են դեպի Եվրասիական տնտեսակն միության երկրներ: