Սեֆիլյանը չի հրաժարվում
Ընդմիջումից հետո Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին առաջարկեց այլ պաշտպան ընտրել, կամ դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպանի կներգրավվի:
Դատավորի խոսքով, Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանն արդեն 3-րդ նիստն է անընդմեջ չի մասնակցում դատական նիստին, հետեւաբար ամբաստանյալը պետք է նոր պաշտպան ընտրի, կամ դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպան է ներգրավվելու: Ժիրայր Սեֆիլյանը պնդեց, որ իր պաշտպանը լինելու է միայն Տիգրան Հայրապետյանը: Չնայած Սեֆիլյանը հստակ հայտարարեց, որ իր պաշտպանը լինելու է Տիգրան Հայրապետյանը, Տաթեւիկ Գրիգորյանը, այնուամենայնիվ, 1 ժամ տվեց՝ Սեֆիլյանին որոշում կայացնելու:
Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը նույնպես հայտարարեց, որ իր պաշտպանը լինելու է միայն Տիգրան Եգորյանը: Նշենք, որ ըստ դատավորի, Եգորյանն արդեն 4-րդ նիստն է՝ չի ներկայանում: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը նույնպես չհրաժարվեց իր պաշտպանից՝ Արայիկ Պապիկյանից:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը: Այսօր դատարանը հեռացրեց նաեւ Սասունիկ Կիրակոսյանին: Պաշտպանների ներգրավվելու համար ամբաստանյալներին մի քանի րոպեով բերում են դահլիճ եւ նորից տանում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: